կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-31 16:02
Հասարակություն

Ամանորի պատգամը

Ամանորի պատգամը

Հիշում եմ` երբ մենք դեռ բնակվում էինք Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` բարձրահարկ, գեղեցիկ շենքում, որը կառուցել էր ճարտարապետ Մուղալյանը և օժտել բոլոր հարմարություններով, Նոր տարվա նախօրյակին մայրիկս՝ տիկին Սիրարփին, հանգամանորեն արդեն եփել էր Ամանորի ավանդական անուշապուրը, որը պատրաստել էր ձավարը խաշելով, ավելացրել էր շաքար, չամիչ, ծիրանի և սալորի չրեր, որոնք միասին եփվել էին, վերջում՝ վարդի ջուր: Այն լցրել էր տոնական ափսեների մեջ, շուրջն ընկույզով զարդարել և դարչինի փոշիով վրան գրել՝ «1947»:

Մենք՝ երեխաներս, անհամբեր սպասում էինք մեր հոր գալուն, որ վառենք արհեստական տոնածառի գույնզգույն մոմերը և ընտանիքով հավաքվենք քաղցրավենիքով, չոր պտուղներով, պաստեղով և խմորեղեններով լի սեղանի շուրջը, որպեսզի Նոր տարին քաղցրություն բերի բոլորին:

Հիշում եմ` այդ տարվա Ձմեռ պապն իջավ ամենավերևի հարկից, ոտքից գլուխ կարմիր հագած, ձյուն-սպիտակ բեղ-մորուքով ու շեփորելով ազդարարեց Նոր տարվա գալուստը:

Մենք, անակնկալի եկած, բայց՝ ուրախ, բացեցինք դուռը: Նա տուն մտավ ուսից վար իջեցրեց ծղոտից հյուսված իր մեծ զամբյուղը, միջից մեկ առ մեկ հանելով, սկսեց բոլորիս նվերներ բաշխել՝ բարեմաղթանքներով.

- Սա՝ քեզ, Զարո՛ւհի, որպես տան ավագ աղջիկ,

Տարբեր գրքեր ու բառարաններ,

Որպեսզի լեզուների քո իմացությամբ

Տարբեր ազգերն իրար կամրջես

Եվ աշխարհին խաղաղություն բերես:

Դառնալով ինձ ասաց.

- Այս գրքերն էլ քեզ, Վերժինե աղջի՛կս,

Կուզեմ լինես դու խելացի,

Աշխատանքով, վարքով բարի,

Պատիվ բերես քո ծնողքին

Եվ քո ազգին, Հայրենիքին:

Ապա շարունակեց.

- Այս փոքրիկ դաշնամուրը՝ քեզ,

Փոքրիկ Արմենուհի,

Որ մեծանաս, դառնաս

Հայտնի դաշնակահարուհի:

Անդրադառնալով երկու տարեկան զույգ եղբայրներիս` ասաց.

- Այս փոքրիկ ջութակը՝ քեզ,

Մանչս Ժիրա՛յր, որ դառնաս

Անվանի ջութակահար:

- Իսկ դու Զոհրա՛պ,

Ամենակրտսերն ես այս տան,

Եթե դու էլ դառնաս թավջութակահար,

Դուք երեքով՝ կստեղծեք եռյակ

Եվ կհնչեցնեք «Կռո՜ւնկը» մեր հայրենաբաղձ…

Քանի որ «…Մենք սփյուռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամեն կողմը ցրված ենք, այլ՝ բռնությունից և հալածանքից ստիպված: Այժմ ունենք մեր Հայրենիքը: …Պետք է գործի լծվենք բոլորս ալ՝ մեկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակության գործը, մեկ մտասևեռում ունենալով՝ Հայրենիքի վերականգնումը և մեկ կարգախոս մեր բոլորի շրթունքներուն ծայրը՝ դեպի Հայրենի՛ք»:

Եվ Ձմեռ պապն անհետացավ…

Մենք՝ երեխաներս, հիացած ու վերացած էինք և չէինք նկատել, որ մեր հայրը բացակա էր… Մեր սիրելի՜, բազմաշնորհ ու խորիմաստ հայրը՝ գրող, հրապարակախոս, երգիծանկարիչ, «Ներգաղթը» թատերգության հեղինակ և բեմադրիչ Գառնիկ Սվազլյանը, որը 1947 թ. ընտանիքով հայրենադարձվեց:

Երևանում չորս ամսվա ընթացքում հայրս հասցրեց ձայնասփյուռով և պարբերականներով հանդես գալ իր ծավալուն և գաղափարապես հագեցած հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանի առաջարկությամբ ընտրվել նույն միության անդամ:

Ձմեռն արդեն իրեն զգացնել էր տալիս: Առաջին ձյունը, իրոք, աներևակայելի հեքիաթ էր, քանի որ Եգիպտոսում մենք ձյուն չէինք տեսել: Հորս հետ լուռ դիտում էինք երկնքից հանդարտորեն մաղվող ձյան փաթիլները և հիանում ճերմակ հագնող Երևանով: Դա անմոռանալի երջանիկ պահ էր: Կյանքում ինչքան քիչ են երջանիկ պահերը…

Հետո վրա հասան դաժան ձմռան սառնամանիքները, որոնք ևս նորություն էին: Հորս փխրուն առողջությունը չդիմացավ. նրա զգայուն սիրտը կանգ առավ՝ հազիվ շշնջալով. «Հայրենի՜քս, զավակնե՜րս»:

Թեպետ Գ. Սվազլյանը ընդամենը 44 տարի ապրեց, բայց սերունդներին թողեց հարուստ և բազմաբովանդակ գրական, հրապարակախոսական ու երգիծական ժառանգություն:

 

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Հատուկ` yerkir.am-ի համար