կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 15:40
Մշակույթ

«Մաթևոսյան» կենտրոնի չավարտվող շինարարության «առեղծվածը». պատկան մարմինները մեղքը բարդում են իրար վրա

«Մաթևոսյան» կենտրոնի չավարտվող շինարարության «առեղծվածը». պատկան մարմինները մեղքը բարդում են իրար վրա

ՀՀ մշակույթի նախարարությունն ու քաղաքաշինության պետական կոմիտեն իրենց գործառույթների հարցում, կարծես, չեն կողմնորոշվում: Արդեն տևական ժամանակ է` երկու գերատեսչությունները սլաքներն ուղղում են իրար դեմ` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու հետ կապված: Յուրաքանչյուրն ասում է, թե իր պարտականությունը չէր և չէ, որ շինարարության ավարտի համար ֆինանսավորման հայտ ներկայացնի կառավարությանը:

Yerkir.am-ն անդրադարձել էր «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի անավարտ  շինարարության խնդրին, ներկայացրել մշակույթի նախարարության պատասխանը, ըստ որի` քանի որ կենտրոնը հաշվառված չէ նախարարության հաշվեկշռում, պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի հենց քաղշինն էլ պետք է հայտ ներկայացներ, որպեսզի կենտրոնի շինարարության համար պետբյուջեից գումար հատկացվեր: 

Կենտրոնի երրորդ հարկի շինարարության խնդիրը, պարզվում է, նախկին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով է առաջացել: Նա, երբ կենտրոնի նախագիծը պետք է ներկայացներ Սերժ Սարգսյանին, որոշել է այն ներկայացնել որպես երկհարկանի կառույց` մտածելով, որ Սերժ Սարգսյանին դուր չի գա նախատեսված ծախսը: Ինչևէ, նշենք, որ երրորդ հարկը նախատեսված է եղել կենտրոնի նախագծում:

Yerkir.am-ը դիմել էր նաև քաղշինին` հետաքրքրվելով, թե ի՞նչն է եղել խնդիրը, որ շենքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ հարց 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ չի բարձրացվել: Բացի այդ` հիմա, երբ փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորվել են (նախահաշվի վերաբերյալ փորձաքննությունը դրական եզրակացություն է տվել), քաղշինն արդյո՞ք պատրաստվում է ինչ-որ քայլեր իրականացնել և ինչպե՞ս է տեսնում խնդրի լուծումը:

Մեր հարցերին ի պատասխան` քաղշինի մամուլի բաժնից տեղեկացրել են, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով և ժամկետում, ինչն ամրագրվել է շահագործման ընդունող հանձնաժողովի` 2018-ի հուլիսի 17-ի ակտով: Ավելին` մեզ տեղեկացնում են նաև, որ 2014-ի ապրիլին, Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և հաստատված նախագծային փաստաթղթերի համաձայն, կառույցը նախատեսվել է երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկերով (առանց վերնահարկի), դա իրականացվել է:

Կառուցապատողը սահմանված կարգով հանձնել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովին: Ավարտական ակտը վավերացրել է նաև «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը: 

«Քանի որ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնը մշակութային օբյեկտ է, ծրագրային բյուջետավորման կարգի համաձայն, ՀՀ պետական բյուջեներում փոփոխություններ, լրացումներ կամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկները, այդ թվում` վերնահարկի կառուցման վերաբերյալ, ՀՀ կառավարություն պետք է ներկայացներ ոլորտի գլխադասային մարմին հանդիսացող պետական լիազոր մարմինը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը»,-նշված է մեր հարցման պատասխանում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն խնդրի հետ կապված նույն պատասխանը մեզ տվել է նաև մշակույթի նախարարությունը` պնդելով, որ քաղշինը պետք է կառավարությանը դիմեր բյուջեից գումար ստանալու համար:

Ինչ վերաբերում է քաղշինի հավաստիացմանը, թե կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտվել են, ապա այստեղ բախվում ենք ուշագրավ և բացառիկ դեպքի` պետությունը ֆինանսներ է տրամադրել «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն ստեղծելու համար, շինարարական աշխատանքներն արվել ու ավարտվել են` ըստ քաղշինի, սակայն շենքը չկա ոչ մի պատկան մարմնի հաշվեկշռում: Այսինքն, ըստ քաղշինի, պետությունը գումար է ծախսել, կենտրոնը կառուցել-ավարտել ու այն նվիրել ոչ մեկին, անգամ` իրեն չի պահել այդ կենտրոնը:

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ շենքի հանձնում-ընդունում տեղի է ունեցել, քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, որ շինարարություն իրականացնող ընկերությունը  շենքը չհանձնելու յուրաքանչյուր օրվա համար որոշակի տոկոս պետք է վճարեր քաղշինին ու պետբյուջե: Ըստ Մաթևոսյանի` «Հորիզոն 95» ընկերության ղեկավար Գագիկ Գալստյանը, որն անգամ իր անձնական միջոցներից է ներդրում արել շենքի շինարարության համար, իրեն հորդորել է ստորագրել հանձնման փաստաթուղթը, քանի որ նախ կազատվեին տուգանքներից, բացի այդ` կար մի շարք մարդկանց համաձայնությունը` շենքն ավարտին հասցնելու համար:

«Այդ մարդուն չընդառաջելը մեր կողմից ճիշտ չէր լինի: Ես ստորագրելիս ասել եմ, որ ուզում եմ գրել` ստորագրում եմ երրորդ հարկի կառուցման նպատակով, սակայն ինձ ասացին` փաստաթուղթ է, էլի, մեկ է` արդեն ունենք ինչպես քաղշինի նոր նախագահ Ավետիք Էլոյանի` բանավոր, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի գրավոր համաձայնությունները: Մեր հանդիպմանը ներկա էր նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը: Ցավում եմ, որ քաղշինն իրեն անհեթեթ իրավիճակի մեջ է դնում` ասելով, որշենքի շինարարությունն ավարտվել է»,- ասաց Մաթևոսյանը:

Նա նշեց նաև, որ  շինարարություն իրականացնող ընկերության ղեկավար Գագիկ Գալստյանը հորդորել է ստորագրել հանձնման փաստաթուղթը, քանի որ Ավետիք Էլոյանին տեղյակ էր պահվել խնդրի մասին, ու նա ասել էր, որ շինարարությունը կշարունակվի, քանի որ իր չափորոշիչներին անհրաժեշտ ներքին մակերեսին չի համապատասխանում ներկայիս տարածքը:

«Երբ քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել 2004-2005-ին, տարածքի համար նախատեսվող չափորոշիչների մասին հարցրել էին մասնագետներին, և հենց նրանց ներկայացրած ներքին քառակուսի մետրաժն արդեն իսկ ներկայացվել էր որպես նախագծային մրցույթի նախապայման: Իսկ երկհարկ առաջարկն առաջ տարվեց բյուրոկրատական նպատակներով, որպեսզի, ինչպես Նարեկ Սարգսյանն էր ասում, Սերժ Սարգսյանի զայրույթը չշարժեին: Դրա համար էլ ես հետո ստիպված եղա հանդիպել Ռիտա Սարգսյանի հետ, զրուցել այդ մասին, որից հետո` 2018-ի մարտ ամսին, արդեն իսկ քաղաքապետարանը տվեց իր համաձայնությունը երրորդ հարկի կառուցան համար»,- ասաց Մաթևոսյանը` հավելելով, որ ճարտարապետահատակագծային տարածքի համար նույնպես տրվել է համաձայնություն:

Ըստ նրա` այժմ միակ խնդիրն այն է, որ երկու գերատեսչությունները փոխանակ կառավարության` իրենց ուղղված հանձնարարականների համաձայն, ուղղահայացով դեպի վեր զեկուցեին շենքի կառուցումը շարունակելու անհրաժեշտության մասին, զուգահեռ ֆունկցիաներ են իրականացրել ու միմյանց նամակ գրել: «Երկու պատկան մարմիններն էլ քննարկումներ են ունեցել ֆինանսների նախարարության հետ` մինչդեռ շենքը կառուցվել է կառավարության որոշմամբ, և պետք էր միայն կառավարությանը զեկուցել շենքի խնդրի մասին: Ինչ վերաբերում է քաղշինի պնդմանը, թե շենքի շինարարությունն ավարտվել է, ապա ինձ հետաքրքրում է` քանի՞ նման դեպք կա, երբ պետությունն այդքան գումար ծախսելուց ու շենք կառուցելուց հետո, այն անտեր է թողնում ու մի կողմ գնում` չգրանցելով ոչ մեկի հաշվեկշռում: Չգիտեմ` այս տրամաբանությունը որտեղից է բխում»,- ասաց Մաթևոսյանը:

Նա մեզ տրամադրեց նաև մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի` իր հարցմանն ուղղված պատասխանը, ըստ որի`գնդակը կրկին գլորվում է մեկ այլ դաշտ: Գալստյանը նշել է, որ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի կառույցը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, համարվում է պետական գույք, և ենթակա է հաշվառման ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում` մինչև հետագա ենթակայության որոշումը:

Գալստյանը վերստին տեղեկացնում է, որ 2019-ի պետական բյուջեում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման նպատակով համապատասխան գումարներ նախատեսված չեն: Ավելին` Գալստյանը հավաստիացնում է, որ սեպտեմբերի 24-ի N 03/7.1/6597-18 գրությամբ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ խնդրելով կենտրոնի վերնահարկի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման հարցը, որի արժեքը կազմում է 55 000 000 դրամ, ներառել ՀՀ 2019թ. պետբյուջեի նախագծում:

Թե ի՞նչ պետք է լինի շենքի հետագա ճակատագիրը, հայտնի չէ, և դեռ պարզ էլ չէ` պատկան մարմիններից որն առաջինը կորոշի զբաղվել շենքի խնդրի լուծմամբ` փաստաթղթերի շրջանառությունից, միմյանց ուղղված նամակագրությունից անդին գնալով:

 Կարինե Հարությունյան