կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 17:08
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատկան մարմինները դեպքի վայրում փորձում են պարզել գորշ արջի քոթոթի սպանության հանգամանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։ Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- նշել է Գրիգորյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Գրիգորյանը գրել է, որ շնորհակալություն են հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար և ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ դեպքի վայրում փորձել են պարզել գորշ արջի անկման հանգամանքները։
Մանրամասները՝ տեսանյութում․