Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ին մեկնարկեցին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության աշխատանքները: 2015թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել էր 470 345 670 ՀՀ դրամ:
Նախատեսվում էր, որ թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017-ի հոկտեմբեր ավարտված լինի: 2017-ն ավարտվեց, սակայն շենքի տեսքը հեռու էր ավարտուն լինելուց, ինչի պատճառը շենքի 3-րդ հարկն էր, որը չնայած նախատեսված էր նաև նախագծով, սակայն, չգիտես թե ինչու, այն չկառուցելու և երկու հարկով բավարարվելու խոսակցություններ էին սկսվել: 2017-ի տարեվերջին Yerkir.am-ն անդրադարձել էր այն հարցին, որ ՀՀ կառավարությունը կարծես մտափոխվել է և որոշել թանգարանը կառուցել` ինչպես նախատեսված էր նախագծով:
Ավարտվում է 2018-ը, սակայն այսօր` ուղիղ մեկ տարի հետո, թանգարանը կրկին կանգնել է նույն խնդրի առաջ` արդեն 7-8 ամիս է` թանգարանում որևէ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, երրորդ հարկի լինել-չլինելը կրկին անորոշ է:
«Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ»-ի տնօրեն, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ շենքն իրականում այս պահին ոչ մի հաշվեկշռում չկա, չնայած կառավարությունն արդեն իսկ 1 մլն դոլարի ներդրում է արել: Մաթևոսյանի խոսքով` ընդամենը պետք էր վարչապետին զեկուցվեր, որ կենտրոնի շինարարությունը պետք է շարունակվի, ու 2019-ի բյուջեով պետք է տող հատկացվեր դրան, ինչը քաղշինը խոստացել էր դեռ այս տարի ամռանը: Մաթևոսյանին մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կենտրոնի հետ կապված նամակ է տրամադրել, ըստ որի` ՀՀ 2019-ի պետական բյուջեում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման նպատակով համապատասխան գումարներ նախատեսված չեն:
Մաթևոսյանի խոսքով` 2018թ. մարտից քաղաքաշինության կոմիտեն կառավարության հանձնարարությամբ հանդես է եկել որպես «Հրանտ Մաթևոսյան կենտրոն»-ի պատվիրատու, սակայն իր լիազորությունները չի կատարել: «Երրորդ հարկի կառուցման և 2019-ի բյուջեում այն ընդգրկելու համար մշակույթի նախարարությունն էլ իր հերթին պատճառաբանել է, թե փորձագիտական եզրակացություն չի տրվել, և իրենք էլ նամակով դիմել են փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Այդ եզրակացությունը քաղշինին է ներկայացվել ընդամենը 10 օր առաջ, իսկ ֆինանսների նախարարությունը, չունենալով այդ եզրակացությունը, հարցը չի ընդգրկել 2019-ի բյուջեում: Ֆինանսների նախարարությունը ճիշտ է վարվել, քանի որ անհրաժեշտ էր հարցը քննարկման դնելուց առաջ հավուր պատշաճի ներկայանալ: Ստացվում է` նրանք «չլոցի» են խաղում, և սա ընդամենը պատասխանատվություն չստանձնելու, չգիտակցելու, իրավիճակը չհասկանալու պարզունակ վիճակ է»,-ասաց Մաթևոսյանը:
Նրա խոսքով` ինքն էլ չէր պատկերացնում, որ 6-7 ամսով նման «անտերության» ու անուշադրության կմատնվեր շենքը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ շենքի կոմունալ ծախսերը հոգում է ոչ թե պետությունը, այլ «Հրանտ Մաթևոսյան հիմնադրամը», այսինքն` շենքի գազի, լույսի, ջրի և երկու պահակների գումարը հիմնադրամն է վճարում:
«Խնդիրն այն է, որ եղանակների հետ կապված, քանի որ տարածքը նորմալ չի էլ ջեռուցվում, ունենալու է ներքին վերանորոգման խնդիր: Մշակույթի նախարարությունից ինձ ասում են, որ խնդրի լուծման համար իրենք դիմել են քաղշինին, իսկ քաղշինից ինձ ասում են, որ իրենք էլ դիմել են ֆինանսների նախարարությանը, այսինքն` ֆուտբոլ են խաղում, այնինչ` պետք էր միայն մի թղթի վրա գրվեր, որ շինարարությւոնը շարունակվում է և վերջ»,- ասաց Մաթևոսյանը:
Մանրամասներն ու մշակույթի նախարարության արձագանքը` հաջորդիվ: