կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 10:44
Առանց Կատեգորիա

Ապատեղեկատվություն՝ բարձրագույն պետական մակարդակով

Ապատեղեկատվություն՝ բարձրագույն պետական մակարդակով

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն, անդրադառնալով Նախիջևանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալուն, իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարերեց, որ դիրքային բոլոր տեղաշարժերի 95% տեղի է ունեցալ փետրվար-մարտ ամիսներին (այսինքն իրենից առաջ) և տեղաշարժերը կրել են երկուստեք բնույթ, և մենք էլ որևէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Սա իրականության կամայական մեկնաբանության արդյունք է, մի քանի կետերով։

ա) իրականությունը այն է, որ խնդրո առարկա Զանգակատուն-Արենի հատվածում, մինչև դիրքային տեղաշարժերը, հակառակորդի և մեր միջև միջդիրքային տարածությունը տարբեր հատվածներում կազմել է 3-4 կիլոմետր, հիմա կազմում է 1 կիլոմետրից պակաս, և առաջ է եկել հիմնականում հակառակորդը մեծ ճակատով, մենք 1-2 դիրք ենք միայն առաջ տարել, որոնք սկզբունքային պատկեր չեն փոխել։

 

բ) դիրքային տեղաշարժը սկսվել է փետրվար-մարտ ամիսներին, սակայն շարունակվել է հետագա ամիսներին, այս ընթացքում հակառակորդը ամրապնդվել է նոր դիրքերում, նոր ճանապարհային և պաշտպանական ենթակառուցվածքներ է ստեղծել, մեր որոշ (ոչ բոլոր) դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք է կարողացել ձևավորել։ Մինչև Դուշանբեի պայմանավորվածությունը, մեր բանակը ակտիվ հակազդել է հակառակորդին, որը զգալի կորուստներ է տվել, բայց դրանից հետո հակազդեցությունը թուլացել է, և հակառակորդը կարողացել է ամրապնդվել նոր բնագծում։

 

Գ) այս տեղաշարժի արդյունքում Զանգակատուն և Արենի գյուղերի հատվածում հակառակորդը կարողացել է ընդհուպ մոտենալ մեր հիմնական ռազմավարական ճանապարհին, և նաև այս երկու բնակավայրերի գյուղատնտեսական տարածքների մի մասին, որոնց մշակումը հիմա վտանգավոր է դարձել։ Զանգակատան դեպքում կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել փոխհատուցել կրած կորուստները, դա ևս մեկ անգամ վկայում է, որ դրանք իրական են։

 

Մենք նախկինում անդրադարձել ենք այս խնդրին, և ես այն նորից չէի բացի, եթե երկրի արդեն փաստացի ընտրված ղեկավարը չշարունակեր համառորեն խուսափել պատասխանատվությունից եղածի համար։ Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում՝ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (և նաև իրականացնելու), պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, և խուսափել որևէ գործողությունից։ Եթե նույնիսկ նախորդներն են մեղավոր կոնկրետ այս խնդրի համար, դա չի վերացնում ներկա իշխանության պատասխանատվությունը՝ լուծել այն, չէ որ այն եկել է իշխանության՝ նախորդների ստեղծած խնդիրները լուծելու գրանդիոզ խոստումով, բայց հիմա բախվելով դրանց, փորձում է պարբերաբալ խուսափել պատասխանատվությունից։

Ես համոզված եմ, որ մեր բանակը գիտի, թե ինչ է պետք անել, նախկինում նույն սահմանի հարավային հատվածում այն այդպիսի նախաձեռնող գործողություն իրականացրել է, և հիմա էլ կարող է հակառակորդին հետ շպրտել նրա ձեռք բերած ռազմավարական բնագծից։ Դա սակայն պահանջելու է խիզախ քաղաքական որոշում՝ ներկայիս խեղաթյուրումների և արդարացումների փոխարեն, և ես կուզենայի դեռ տեսնել այդպիսի վճռականություն՝ արտաքին ճակատում։

 Հ․Գ․ Թերահավատների համար կցում եմ Արմեն Մինասյանի նախկինում արած տեսագրությունը, որը հստակ ներկայացնում է, թե Արենի մոտ դիրքային փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունեցել»։