կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 14:33
Քաղաքական

Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի քաղաքականացումն անընդունելի է. ՌԴ դեսպան

Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի քաղաքականացումն անընդունելի է. ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին, որպեսզի  հայ- ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ակնարկելով, որ արագ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ է առաջ քաշում:

«Հայաստանում տեղի ունեցած ու ընթացող ներքաղաքական իրադարձությունները հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում բազային փոփոխություններ չմտցրեցին: Ծառացած խնդիրները կարգավորելու գործում ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել ՀՀ-ին»,- ասաց դեսպանը` հաջողություն մաղթելով ՀՀ նոր խորհրդարանին ու ձևավորվելիք կառավարությանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ՌԴ-ի փափուկ  ուժի քաղաքականությունը, և ի՞նչ պետք է անել, որ այն առավել արդյունավետ լինի,  ռուս դիվանագետը հակադարձեց՝  դա առաջին հերթին դուք պետք է տեսնեք:

«Իհարկե, այստեղ բավական ռեզերվներ կան, ինչը մենք քաջ գիտակցում ենք: Ըստ իս՝ մեր փափուկ ուժի հիմնական ռեսուրսը հոգևոր և մշակութային կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին երկար դարեր: Հզոր բազա են նաև միջմարդկային հարաբերությունները, բայց փափուկ ուժի գործոնը պետք է օգտագործվի նաև քաղաքացիական հասարակության և  ԶԼՄ-ների հետ շփումներում: Այն, ինչ իրականացվում է, իհարկե, բավարար չէ, և տարբեր կառույցներ տրամադրված են, որ ակտիվ զարգացող կապերը նոր մակարդակի բերվեն հայ ժողովրդի բոլոր շերտերի հետ: Ես կարծում եմ, որ այս առումով դրական կազդի Հայաստանի զբոսաշրջային` մեծացող գրավչությունը: Հայաստանը նոր տարվա օրերին  ռուս զբոսաշրջիկների սիրելի վայրն է»,- նշեց Կոպիրկինը:

Անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ծեծված հայ կնոջ մահվան դեպքին՝  ՌԴ դեսպանը հորդորեց հայ լրագրողներին չքաղաքականացնել այն: «Երբ ասում եք` ամեն անգամ, այնպիսի տպավորություն է, կարծես ռուս զինծառայողները հանցագործություն հանցագործության հետևից են կատարում: Մեզ համար անընդունելի է այս դեպքի քաղաքականացումը, ինչը չի կարող նպաստել դեպքի արդար և օբյեկտիվ քննությանը: Եկեք չխանգարենք: Խորին ցավակցություններս եմ հայտնում մահացած կնոջ հարազատներին»,- շեշտեց  դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուսական ռազմաբազայի և ՀՀ իրավապահների միջև գործակցություն կա՝ հիմնված հայկական օրենսդրության վրա։