կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 17:56
Իրավական

Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրգործով

Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրգործով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ուեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին. այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի 27-ամյա բնակիչը տեղեկանալով , որ 43-ամյա տղամարդը գտնվում է Վեդի քաղաքում տեղակայաված քարի արտադրամասի տարածքում, գնացել է նշված վայր,  որտեղ այդ պահին ներկա է եղել վերջինս՝ ընկերների հետ:  27-ամյա երիտասարդն  իր մոտ գտնվող ինքնաձիգով փորձել է կրակոցներ արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն ինքնաձիգի փամփշտակալում գտնվող փամփուշտը չի կրակել, ինչի հետևանքով կրակոց չի արձակվել: Այդ պահին 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, այն փակվել է, որից հետո 27-ամյա երիտասարդը 2-3 կրակոց  է արձակել դռան ուղղությամբ: Վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի:

Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է 27-ամյա երիտասարդին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրկին իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հացրել, քանի որ 43-ամյա տղամարդը դիել է փախուստի և կրակոցները նրան չեն դիպել:

Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը, որի նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել է և  բերման ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: