կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 10:48
Քաղաքական

Գաղափարներով եւ առանց գաղափարների. «Առավոտ»

Գաղափարներով եւ առանց գաղափարների. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Այս ընտրարշավին մասնակցող նորաստեղծ կուսակցություններից երկուսն իրենց ներկայացրել են որպես hստակ գաղափարախոսություն կրող՝ «Քաղաքացու որոշումն» իր անվանման մեջ էր ընդգրկել «սոցիալ-դեմոկրատական» բնորոշումը, իսկ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» հանդես էր գալիս ազգայնական դիրքերից: Թե որքանով են այդ կուսակցությունների մտադրությունները լուրջ՝ դժվար չէ պարզել. եթե նրանք շարունակեն գործունեությունը եւ պատրաստվեն հաջորդ ընտրություններին, ուրեմն նրանց նպատակներն այսրոպեական չէին:

Ազատական թեւը ներկայացնում էին «Մենք» դաշինքը եւ «Լուսավոր Հայաստանը», ընդ որում՝ առաջինն ավելի շատ էր ընդգծում իր գաղափարական ուղղվածությունը, սակայն, իմ կարծիքով, ժամանակ չունեցավ ամբողջությամբ հավաքագրելու իր ընտրազանգվածը: Չնայած «Լուսավոր Հայաստանը» համեստորեն է ներկայացված խորհրդարանում (18 պատգամավոր), ապագան, ես կարծում եմ, այդ տիպի, ոչ «անձնակենտրոն», որոշակի արժեքային համակարգով առաջնորդվող կուսակցություններինն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես ասում են, «իզմերի» կուսակցություն չէ՝ ամեն ինչ հիմնված է առաջին դեմքի, նրա պատկերացումների եւ ցանկությունների վրա: Գագիկ Ծառուկյանն անշուշտ բարի մարդ է, շատ շատերին է օգնել իր բարեգործություններով, բացի այդ՝ հաջողակ գործարար է, իսկ դա, ով ինչ ուզում է ասի, առանց որոշակի տաղանդի հնարավոր չէ: Սակայն պարզ չէ, թե ինչ կապ ունի այդ ամենը քաղաքականության, օրենսդիր աշխատանքի հետ: «Քաղաքականություն եմ մտել, որ ժողովուրդը լավ ապրի» բանաձեւը, մեղմ ասած, թերի է: Արաբական շեյխերը վստահում են Ծառուկյանին եւ պատրաստ են նրա բիզնեսում ներդրումնե՞ր անել՝ հրաշալի է, թող անեն: Որքան շատ դրա արդյունքում աշխատատեղեր բացվեն, այնքան լավ: Բայց ինչու էր դա ներկայացվում որպես կուսակցության եւ, հետեւաբար, պետության ծրագիր՝ հասկանալի չէ: ԲՀԿ-ն այս ընտրություններում ստացել է 103824 ձայն, 8,27 տոկոսը: 2017 թվականին «Ծառուկյան դաշինք» անունով ուներ 428 836 քվե (27,35 %): Ցուցանիշն, այդպիսով, վատթարացել է գրեթե 4 անգամ: Վերլուծելու նյութ կա: Հավանաբար իմաստ ունի ԲՀԿ շարքերից զուտ քաղաքական լիդեր առաջ քաշելը եւ ավելի «դասական» կուսակցական ուղիով գնալը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: