կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 11:57
Մշակույթ

Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքն ընթերցողներին հասանելի է նաև անգլերենով

Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական  տեսությունը» գիրքն ընթերցողներին հասանելի է նաև անգլերենով

2017-ին լույս էր տեսել Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական  տեսությունը» գիրքըYerkir.am-ը տեղեկացրել էր այդ մասին: Գիրքը ռուսերենով էր, սակայն Փելեշյանը հայտնել էր, որ այն առաջիկայում հասանելի կլինի ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն թարգմանությամբ:

Երեկ տեղի է ունեցել Փելեշյանի գրքի անգլերեն տարբերակի` «My Universe And Unified Field Theory»-ի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ Փելեշյանի գիրքն  արտակարգ հետաքրքիր աշխատություն է իրապես բարձր երևույթների մասին: Ըստ նրա` գրքում Փելեշյանի փնտրտուքներն են` ինչպես դաշտն ամբողջացնել, ինչպես մտնել տիեզերական երևույթների խորքերը, և հաճախ նա դրանք ընդհանրացնում է` իրար լրացնելով մյութոս և տիեզերք, տիեզերագիտություն և հնագույն քաղաքակրթական շերտեր:

«Այս ամբողջի հիմքում նրա ստեղծած արվեստն է, նրա տեսական հիմքերը, ֆիլմ, մարմին կառուցելու` նրա որոնողական միտքը: Չափազանց մեծ հետաքրքրությամբ է կարդացվում գիրքը, սա արվեստագետի գրած` գիտական փնտրտուքների գիրք է: Գիտությունը մասսայականացնող գրքեր կան, չէ՞, ահա` Փելեշյանի գիրքն այդպիսի պարզ ու մատչելի լեզվով, չափազանց զուսպ գրչի մարդու աշխատանք է: Պարզվում է` գիրքը նույնքան կայացած է, որքան նրա ֆիլմերը: Չես հասկանում` մարդը կարո՞ղ է այսքան հեռուն գնալ իր ստեղծած արվեստի հետքերով ու մտնել տարբեր շերտեր»,- ասել էր Մանսուրյանը:

Նա նշել էր նաև, որ հետաքրքիր էր փաստը, որ Փելեշյանը գրքում «երկիր» բառը մեծատառով է գրում, և սա, ըստ Մանսուրյանի, ռեժիսորի վերաբերմունքն է երկրին, սրանով Փելեշյանը ևս մեկ անգամ ասում է` երկիրը տեր ունի: «Եթե նա գրքում և վերնագրում ասում է` իմ տիեզերքը, այստեղ մեծախոսական որևէ նշույլ չպետք է փնտրել: Նրա որոնածը նրա ներդաշնակությունն է, նրա ֆիլմերի աշխարհը»,- ասել էր կոմպոզիտորը: