Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազգայի ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԺ փոխնախագահի ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` «Ֆեյսբուք» սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»,- ասված է ՀՀ ոստիկանության ներկայացրած պարզաբանման մեջ:
Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք
Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան: Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:
Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:
Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:
Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»: