կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 19:30
Հասարակություն

Շատ կարևոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացված լինեն. Արսեն Համբարձումյան

Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է, և այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրված կուսակցություններից. երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե ո՞րն է Դաշնակցության առավելությունը, նա պատասխանել, որ պետք է նշել երկու կարևոր առաձնահատկություն: «Առաջինը` երկրում ստեղծվող ազգային արդյունքը ինչպե՞ս պիտի վերաբաշխվի,  երկրորդը` պետությունն ի՞նչ դերակատարություն պիտի ունենա սոցիալական արդարության ապահովման առումով: Այս երկու հիմնական կարևոր հարցերի հետ կապված մեր մոտեցումները արմատապես տարբերվում են լիբերալ հայացքներ ունեցող քաղաքաական աջ ուժերից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ազգային արդյունքը վերստեղծվում է բոլորի աշխատանքով` թե՛ բանվորի, թե՛ գյուղացու, թե՛ գործարարի, թե՛ չինովնիկի: Այդ արդյունքն ինչպե՞ս պիտի վերաբաշխվի, որ երկրում լինի սոցիալական համերաշխություն: Առանց սոցիալական համերաշխության` ուժեղ երկիր կառուցել հնարավոր չէ, առանց ողնաշար` ստեղծել հնարավոր չէ: Սա նաև ուժեղ պետություն կառուցելու միջոց է, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր ազգային տեսլականին:

Երկրորդը` պետությունն ի՞նչ դերակատարություն պետք է ունենա: Պետությունը պիտի ունենա պասիվ, հայեցողական, կրավորական կեցվա՞ծք` թողնելով ամեն ինչ շուկայի կարգավորմանը, թե՞ պետությունն, այնուամենայնիվ, պիտի ունենա ռեալ մասնակցություն արդարության ապահովման գործում` իր արտաքին, մաքսային քաղաքականությամբ և տարբեր կարգավորումներով: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հասարակությունում  կան մարդիկ, կան խավեր, որոնք տարբեր պատճառներով ի վիճակի չեն ապահովել իրենց համար անհրաժեշտ կենսապահովման նվազագույնը: Եվ եթե չլինի հասարակության մյուս անդամների, այսպես ասած, ավելի ուժեղ, ավելի մրցունակ անդամների աջակցությունը, սոցիալական այս խավերի պարագայում մենք կունենանք լրջագույն խնդիր: Հանրային համերաշխությունը սրանում պիտի կայանա, որովհետև մարդը չի կարող երջանիկ լինել, եթե ունի հարևան, որն ապրում է ծայրահեղ աղքատության պարագայում»,- նշել է Համբարձումյանը:

«Ի վերջո, մեկն աշխատասեր է, մեկը` ոչ այնքան, մեկը խելացի է, մեկը` ոչ այնքան, մեկը լավ գործարար ջիղ ունի, մեկը` ոչ այնքան: Բնականաբար, այդ առումով պիտի լինեն կենսամակարդակի տարբերություններ, բայց խոսքը նրա մասին է, որ հասարակության ոչ մրցունակ` կարիքավոր շերտերը պիտի նվազագույնն  ապահովելու հնարավորություն ունենան» ,- հավելել է ԳՄ ներկայացուցիչը:

Համբարձումյանը նաև հիշեցրե; է այն օրենքըն, որը մեծ ջանքերի գնով` դեռևս 2004 թվականին ՀՅԴ խմբակցությունը կարողացել է ԱԺ-ում ընդունել տալ: «ՀՅԴ-ն կարողացել է այդ օրենքն ընդունել տալ, չեմ վախենում այս բառից, որովհետև այն աննախընթաց պատմություն է ունեցել: Այն ժամանակ կարողացանք հաջողել այս հարցում, և Հայաստանում ընդունվեց կենսապահովման նվազագույն բյուջե և կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը: Դժբախտաբար, պիտի արձանագրեմ, որ այդ օրենք այդպես էլ միս ու արյուն չստացավ: Եթե այդ օրենքն աշխատեր մեր երկրում, ես վստահեցնում եմ ձեզ` մեր երկրում այսօր կունենայինք  էապես այլ վիճակ, աղքատության 30 տոկոս չէինք ունենա: Սրա համար շատ կարևոր է, որ խորհրդարանում սոցիալիզմ կամ, եթե կուզեք, ընկերվարություն (այս պարագայում «իզմ»-ը չէ կարևոր), նման քաղաքական ուժեր ներկայացված լինեն: Միայն այդ ուժերի ներկայության պարագայում է, որ հնարավոր է` մեր երկրում սոցիալական քաղաքականություն փոխվի»,-ընդգծել է Համբարձումյանը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև աշխատանքի պետական տեսչության ստեղծմանը, որը, նրա խոսքով, կյանքի է կոչվել դաշնակցական նախարարի պաշտոնավարման ժամանակ և դաշնակցական նախարարների հեռանալուց հետո լուծարվել է: «Այսինքն` աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը, որը մեր երկրում շատ կարևոր է, սկսեց էլի անտեսվել: Անգամ մեր նվազագույն հնարավորությունների դեպքում մենք փորձել ենք անել առավելագույնը: Անշուշտ, շատ հարցերում միգուցե չենք հաջողել կամ իսկապես չենք հաջողել, բայց որ արդյունքներ արձանագրել ենք` միանշանակ է: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել»,- ասել է Արսեն Համբարձումյանը: