կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 17:24
Հասարակություն

Ցանկանում ենք, որ հայերը ևս ներկայացված լինեն Վաշինգտոնում որոշումներ կայացնողների շրջանում

Ցանկանում ենք, որ հայերը ևս ներկայացված լինեն Վաշինգտոնում որոշումներ կայացնողների շրջանում

Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա էթնիկ խմբերի ազդեցության մասին: Լոբբիստական ակտիվության ամերիկահայ փորձը ներկայացրեց Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վերջին 20-30 տարիների ընթացքում ամերիկահայ համայնքը մեծ առաջընթաց է գրանցել և արդյունքի հասել ԱՄՆ-ում պահանջն առաջ մղելու հարցում, քննարկմանն ասաց Արամ Համբարյանը:

«Ամերիկայում հայերն իրենց շահերն են սկսել պաշտպանել այն պահից, երբ այստեղ հաստատվեց հայկական ներկայությունը»,- ասաց նա:

Համբարյանի խոսքերով ամերիկահայության շահերի պաշատպանության կազմակերպումը անցել է մի շարք պատմական շրջափուլերով: 19-րդ դարի կոտորածներից մինչև Ցեղասպանություն, Սառը պատերազմ և հետխորհրդային տարիներ: Պատմական այս առանցքների ներքո է ձևավորվել ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանության քաղաքական ուղեգիծը: Համբարյանը ներկայցնում է այսօրվա օրակարգը:

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում, ղարաբաղյան հակամարտության կամ, ըստ մեզ, արցախյան հակամարտության կարգավորում ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև արդարության վերականգնում Հայոց ցեղասպանության հարցում: Մենք հույս ունենք, որ այս հարցում նախագահը գալիք ապրիլին կդիմի ճիշտ քայլի»,- նշեց Համբարյանը:

Կարևորելով երկրի հասարակական կյանքում էթնիկ խմբերի ակտիվ ներգրավվածույունը` Համբարյանն ընդգծում է ՝ Հայ Դատի համնձնախումբը մեծ աշխատանք է կատարում այս ուղղությամբ՝ տարբեր ոլորտներում պայմաններ ստեղծելով ամերիկահայ մասնագետների և երիտասարդների համար, հատկապես` երկրի մայրաքաղաքում:

«Ամերիկայում որոշում կայացնողները ամերիկացիներն են, ովքեր Վաշինգտոն են գալիս ԱՄՆ բազմաթիվ վայրերից տարբեր մասնագիտական ունակություններով: Մենք ցանկանում ենք, որ հայերը ևս ներկայացված լինեն Վաշինգտոնում որոշումներ կայացնողների շրջանում»,- ասաց Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը:

Ըստ նրա՝ լոբբիստական գործունեության կարևոր բաղադրիչներն են համայնքի պատրաստակամությունը գործելու ի նպաստ իր շահերի, նվիրվածությունն այս գործին և պահանջատիրությունը համայնքի առաջնորդներց գործելու այս ուղղությամբ: Կարևոր է ազդարարել նվիրվածությունը սեփական համայնքի շահերին և խուսափել որևէ քաղաքական ուժի նկատմամբ կողմնակալության դրսևորումից:

«Մենք վերջերս անցկացրեցինք Ցեղասպանության մասին երկու բանաձև: Դրա համար անհրաժեշտ եղավ երկար ժամանակ, սակայն երբեք չբռնեցինք այս կամ այն քաղաքական կուսակցության կողմը»,- նշեց Արամ Համբարյանը:

Սակայն յուրաքանչյուր լոբբիստական գործունեություն ունի իր ներքին տրամաբանությունը: Այս կամ այն քաղաքական գործչին աջակցությունը, ներառյալ ֆինանսական նվիրատվությունnերը համայնքի կողմից, դրա անբաժանելի մասն են: Համբարյանը ընդգծում է, որ նախընտրական նվիրատվությունները չափազանց ազդեցիկ և կորևոր են այս ոլորտում, և լոբբիստական կառույցների գործառույթներից է կոչը համայնքի անդամներին` հավանության դեպքում աջակցություն ցուցաբերել այս կամ այն գործչին:

Արամ Ավետիսյան
amerikayidzayn.com