Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց «Իմ քայլը» դաշինքի` 183 հոգանոց նախընտրական ցուցակը: Նա նշեց, որ իրենց այս ցուցակը ևս համարում է հեղափոխական:
«Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, որը զբաղվել է կուսակցական գործունեությամբ: Այո, մենք այս ցուցակը համարում ենք հեղափոխական` իր ողջ տրամաբանության մեջ, այսինքն` այն ամենը, ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիսի ընթացքում` հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որ նոր Հայաստանում եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Դրանով պայմանավորված է նաև մի շարք քաղաքական գործիչների ներգրավվածությունն այս ցուցակում, օրինակ՝ Շիրակ Թորոսյանի, Ֆելիքս Ցոլակյանի»,- ասաց Կոստանյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել նախկին ՀՀԿ-ականներին, ՔՊ մամուլի խոսնակը պատասխանեց, որ հաշվի են առել նախկին ՀՀԿ-ականների անցած ճանապարհը և պրոֆեսիոնալ կարողությունները: «Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում ենք մերժել ընտրակաշառքների ինստիտուտը: Նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»,- ասաց նա:
Իսկ թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ազդեցություն ունեցել է ցուցակի կազմման գործում, Կոստանյանը շեշտեց, որ ցուցակը ձևավորվել է ներկուսակցական քննարկումների արդյունքում հաստատված սկզբունքների հիման վրա՝ անձի` քաղաքական գաղափարների կրող լինելը, օրենսդիր մարմնում աշխատելու կարողությունն ու պատկերացումները:
Կոստանյանը հիշեցրեց, որ մենք խորհրդարանական պետություն ենք, ուստի իշխանության առջև պառլամենտարիզմը կայացնելու խնդիր է դրված:
Դիտարկմանը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության տապալումը, ըստ էության, ժողովրդավարությանը վնասում է, ՔՊ մամուլի խոսնակը պնդեց, որ դրա մեղավորը ՀՀԿ-ն է: «ՀՀԿ-ն իր վերջին վատությունն արեց ժողովրդավարացման գործընթացին»,- նշեց նա:
Yerkir.am-ի ռեպլիկին՝ իսկ գուցե լավություն արեց, Կոստանյանն արձագանքեց. «Ես չէի մեկնաբանի դա որպես լավություն: Ինքներդ էլ տեսաք, որ տարբեր ուժեր մեկնաբանեցին, որ, չփոխելով Ընտրական օրենսգիրքը, չեն մասնակցում ընտրական գործընթացին: Ամեն դեպքում, ընտրությունները պետք է լինեն համամասնական տրամաբանության մեջ, ծրագրերի և գաղափարների պայքար պետք է լինի: Մենք մեր քարոզարշավն անցկացնելու ենք համամասնականի տրամաբանության մեջ»:
Հարցին` ռեյտինգային թեկնածուներին ի՞նչ տրամաբանությամբ եք ընտրել՝ շրջապատով պայմանավորվա՞ծ, թե՞ այլ սկզբունքով, Կոստանյանը պատասխանեց, թե այստեղ էլ են հաշվի առել պրոֆեսիոնալիզմը, ոչ թե ձայն բերելու կարողությունը:
Նա նաև նախկին ՀՀԿ-ական գործարարներին հորդորեց գնալ ընտրատեղամաս, կատարել իրենց պարտքը և ձայն տալ այն ուժին, որին կցանկանան: