Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ռուսաց լեզու» առարկայից քննությամբ մեկնարկեցին միասնական քննությունները: Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ:
Երևանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Աշոտյանը հույս է հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի:
Խոսելով «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` նախարարը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին, որպես օտար լեզու, հանձնել նաև ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաև, որ «Ռուսաց լեզու» առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաև ՌԴ ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր:
Անդրադառնալով դիմորդների թվին` նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով` նախ` անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում:
«Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն` աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, և պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաև բակալավրիական կրթություն, և դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձևեր է ստանում, և պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: