կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-10 14:34
Քաղաքական

Հեղափոխությունը Փաշինյանն է արել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական դաշտում պետք է լինեն միայն նրա կողմնակիցները. Արամ Սարգսյան

Հեղափոխությունը Փաշինյանն է արել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական դաշտում պետք է լինեն միայն նրա կողմնակիցները. Արամ Սարգսյան

Հայտնել ենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» ստեղծել ենք «Մենք» դաշինքը և առաջիկա ընտրություններին կմասնակցեն այդ դաշինքով:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ «Մենք»-ը ոչ թե ընդդեմի, այլ հանունի դաշինք է:  Նա շնորհավորեց բոլորին նոր դաշինք ձևավորելու առիթով և հույս հայտնեց, որ այս նոր քաղաքական միավորը կունենա հաջողություններ ու իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:

«Երկու ուժերն էլ երկրում տեղի ունեցած հեղափոխության կողմնակից են եղել: Պայքարել ենք, ռեժիմի դեմ տեղի ունեցած հեղափոխության աջակիցը եղել: Նոր քաղաքական դաշտում հեղափոխությունները բերում են փոփոխություններ, որոնց համահունչ պետք է արվեն քայլեր: «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ` ոչ միայն ներքին քաղաքական կյանքում, այլ նաև արտաքին քաղաքականությունում: Այս ասպարեզում է, որ ՀՀ-ն, մեր համոզմամբ, պետք է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնի»,- նշեց նա:

Ըստ Արամ Սարգսյանի` դժբախտաբար, անցած 6 ամիսների ընթացքում,  Ֆրանկոֆոնիայի համաժողովի, Գերմանիայի կանցլերի այցի ֆոնին, համարում են, որ կան թերություններ: «Մենք հակված ենք այդ բացը լրացնելուն, թե՛ «Ազատ դեմորկարտներ»-ը, թե՛ «Հանրապետություն»-ը արևմտյան արժեքների կողմնակից են, այդ մոդելի կառավարման և պետություն ձևավորելու կողմնակից են: Չմտածեք, որ Ռուսաստանին դեմ ենք կամ հակառուսական ուժ ենք: Ոչ, մենք ուղղակի կողմնակից ենք, որ այն ազդեցությունը, որն այսօր էլ տեսնում ենք, որ բանեցվում է  մեր պետության ու իշխանությունների վրա թե՛ ՀԱՊԿ, թե՛ Եվրասիական շրջանակներում, չափից ավելի մեծ է: Հենց այդ ազդեցությունը բալանսավորելու համար թե՛ գործող իշխանությանը, թե՛ հանրությանը գերանհրաժեշտ է լուրջ աշխարհաքաղաքական, գաղափարական ալտերնատիվ մոդելի, քաղաքական միավորի առկայությունը»,- շեշտեց նա:

Սարգսյանը նշեց, որ իրենք իրավունք ունենք այդ դաշտում հանդես գալու և, որպես այդ դաշտի ներկայացուցիչներ, նման մոտեցում ունեցող մարդկանցից քվե ակնկալելու:

Ըստ նրա՝ մյուս հանգամանքը, ինչի համար իրենք միավորվել են, քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիային է վերաբերում: «Այո, հեղափոխությունն  արեց Նիկոլ Փաշինյանը, բայց նա նույնպես պնդում է, որ հեղափոխությունն արել է ամբողջ ժողովուրդը : Դա չի նշանակում, որ հեղափողությունից հետո քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակցիները և ՔՊ ներկայացուցիչները: Իհարկե, մենք վստահ ենք, որ խորհրդարանում մեծամասնություն կունենա ՔՊ-ն, բայց հեղափոխությունն արել է ժողովուրդը, և այդ հեղափոխությունը զրոական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում լինի միայն ՔՊ կուսակցությունը»,- ասաց Սարգսյանը:

Նա նաև հավաստիացրեց, որ չեն լինելու քաղաքական այն ուժը, որը սպասելու է՝ իշխանական ուժը սխալ անի, որ քննադատեն: «Մենք լինելու ենք այն ուժը, որ ժամանակին ցույց է տալու իշխող ուժի թերություններն ու սխալները, սա է լինելու մեր քաղաքական գործունեության հիմնական ձևը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Բացատրելով, թե ինչու են նորաստեղծ դաշինքի համար ընտրել «Մենք» անվանումը, նա ասաց. ««Մենք», որովհետև «մենք»-ը ներառական է և չի նշանակում «ես», ինչը շատ կարևոր է: Անհատը ոչինչ է, եթե չկա «մենք»-ը: Մարկետինգային առումով` «մենք»-ը հայերենում ամենաշատ օգտագործվող բառն է: Եվ ամեն անգամ, երբ օգտագործեք այդ բառը, քթի տակ ժպտալով՝ կհիշեք մեզ, ինչը քվեներ կապահովի մեզ»:

Սարգսյանը հայտնեց, որ «Մենք» դաշինքի կարգախոսն ընտրություններում լինելու է՝ «Ես ու դու մենք ենք»: