կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-25 13:03
Քաղաքական

Մեկ-մեկ ինձ թվում է` սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը իքս պահից դառնում է նրանց քարոզչություն. կառավարությունը մերժեց ՀՀԿ-ին

Մեկ-մեկ ինձ թվում է` սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը իքս պահից դառնում է նրանց քարոզչություն. կառավարությունը մերժեց ՀՀԿ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում  լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

Նշենք, որ փաթեթով առաջարկվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելել, ապա մանրամասնվում է, թե որն է այդ քարոզչությունը:

«Երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն այնպիսի տեղեկությունների տարածման գործընթաց է, այդ թվում՝ իրական փաստերի և տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել երեխաների ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր լիարժեք զարգացման վրա և որն ուղղված է երեխաների մոտ՝

ա. ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծմանը

բ. ավանդական և ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանը

գ. ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցմանը

դ. ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը.

2) ավանդական սեռական հարաբերություն՝ մերձավոր ազգականներ չհամարվող չափահաս տղամարդու և չափահաս կնոջ միջև փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող սեռական հարաբերություն.

3) ոչ ավանդական սեռական հարաբերություն՝ ավանդական սեռական հարաբերություն չհամարվող ցանկացած այլ սեռական հարաբերություն.

4) մերձավոր ազգականներ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում նշված մերձավոր ազգականներ, ինչպես նաև որդեգրողներ և որդեգրվածներ»,- ասվում է նախագծում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ օրենքով արդեն իսկ դա կարգավորվում է և կրկնությունն անիմաստ է: Բացի այդ, ըստ փոխնախարարի, ներկայացված օրինագծում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ և ոչ միանշանակ ընկալում, որ հետագայում կիրառման իմաստով կարող են շատ խնդրահարույց լինել: «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «ոչ ավանդական սեռական հարաբերություններ, ավանդական սեռական հարաբերություններ»-ին, մեր համոզմամբ` նման հասկացությունների կիրառումը օրենսդրության մեջ լինելու է վիճահարույց»,- ասաց նա:

Մանուկյանը նաև նշեց, որ օրենքի նախագիծը չի անցել հանրային քննարկում, չի քննարկվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: «Մեր եզրակացությունն է, որ թողնենք նույնը` օրենքներում փոփոխություններ չկատարենք և հայտնել ենք բացասական եզրակացություն»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այսօր համացանցում կա կատարյալ ազատություն: «Համացանցից օգտվում են նաև երեխաները, ամեն ինչին հասանելիություն կա: Եթե մենք ամենախիստ ձևակերպմամբ էլ օրենքն ընդունենք, բայց ինչ-որ մեկը գնա, երեխայի ականջին մի բան ասի կամ հրապարակային ինչ-որ բան ասի, կամ այդ ասելիքը հայտնվի ինտերնետում, հետևաբար, այդ հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա, էլ չեմ ասում, որ դա տեղադրվի համացանցում կեղծ օգտատիրոջ կողմից»,- ասաց նա և հետաքրքրվեց` այսպիսի գործիքակազմերով դա լուծելի՞ է:

Փոխնախարարն էլ համաձայնեց վարչապետի հետ: «Ինտերնետն անվերահսկելի տարածք է, բացի այդ` մենք խնդիր ունենք հեռուստատեսությամբ և ռադիոյով այս խնդիրները տարածելու հետ: Շատ աշխատանքներ ունենք կատարելու, սակայն այս ձևակերպումները խնդիրները չեն լուծում»,- նշեց նա:  

Փաշինյանը նշեց, որ դա ամբողջ աշխարհում է խնդիր, և ոչ մի տեղ խնդրի լուծումը գտնված չէ: «Այսօրվա ընկալումներով դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է գտնվի խնդրի լուծումը: Այսօր կարելի է մտնել ինտերնետ և ստանալ տեղեկատվություն, թե ինչ գործիքակազմով բանկ թալանել: Պետք է խոստովանել` եթե ամենախիստ բառապաշարով օրենք էլ ընդունենք, խնդիրը մնալու է չլուծված: Ուզում եմ մի այսպիսի շեշտադրում անել` ես սխա՞լ եմ ընկալում, որ մեկ-մեկ ինձ թվում է` սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը իքս պահից դառնում է նրանց քարոզչություն: Չկա այսպիսի կոմպոնենտ, մեկ էլ տեսնում ես սկսեցին խոսել դրա մասին: Երեխաները հիմա  որ լուրերով լսեն` ում որ մենք չենք ուզում քարոզել, նրանք, ովքեր չգիտեն թե դա ինչ է, չե՞ն ասելու` սա ի՞նչ է, ինչի՞ դեմ են էս մարդիկ այսքան պայքարում, օրենքը օրենքի հետևից գրում, քննարկում: Չկա՞ այդպիսի բան, ես սխա՞լ եմ հասկանում»,- հետաքրքվեց նա:

Փոխնախարարն էլ ասաց` այո, ակամայից քարոզչություն է տարվում:

Փաշինյանն էլ շեշտեց, որ եթե ցանկանում են քարոզչություն չտանել, այս ամենը պետք է քննարկել խիստ գաղտնիության ռեժիմով: «Նախագծի հեղինակներն էլ գաղտնի պետք է անեն և' օրենքը, և' քննարկումնները, ամեն ինչ պետք է գաղտնի լինի: Հակառակ դեպքում` ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում: Ես ուզում եմ ուղղակի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, մանավանդ, որ անհասկանալի է, թե ինչու են հրատապ դառնում այս կարգի խնդիրներն այսօրվա Հայաստանում»,- եզրափակեց նա: