կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 13:50
Քաղաքական

5 ամիս Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է. Զուրաբյանը` Փաշինյանին

5 ամիս Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է. Զուրաբյանը` Փաշինյանին

Վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը վարչապետին ասաց, որ ստիպված է մեկ անգամ ևս Շանթ Հարությունյանի հարցը բարձրացնել:

«Տեղի ունեցած հեղափոխությունը լրջագույն արժեք է, որը մեզ ազատագրել է մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: 5 ամիս Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է: Սրանք ցավոտ խնդիրներ են, և իրավական լուծումը, հավանաբար, բարդ է գտնել, բայց անհնարին բան չկա: Եկեք գտնենք լուծում` արդարացնելու մարդկանց, որոնց հանդեպ հանիրավի քաղաքական հետապնդումներ են իրականացվել»,- ասաց Զուրաբյանը:

Վարչապետի պաշտոնակատարն էլ նշեց, որ ինքը 5 ամիս է` խնդրում է Շանթ Հարությունյանին բանտից դուրս գալ: «Ինձ բերել են մի գրություն, որտեղ գրված է` ես ո'չ պայմանական վաղաժամկետով, ո'չ համաներումով դուրս չեմ գալու: Այսինքն` Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն` դիմակավորված սպեցնազը մտնի, իրեն բանտից հանի ու բանտի դռները փակի»,- կատակեց Փաշինյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հարությունյանի պահանջն արդարացի է: «Ասում է` թող ինձ արդարացնեն, բայց ո՞վ է արդարացնողը: Ի՞նչն է խանգարել, որ մինչև հիմա նրա պաշտպանները համապատասխան հայցով դատարան չեն դիմել: Եթե ես հիմա ասեմ` գնացեք, դատարան դիմեք, ինձ կասեն` դատարանը կարդարացնի՞, թե՞ չէ: Այստեղ հարց է` հիմա ես զանգե՞մ դատավորին, ասեմ` արդարացրու: Եթե ես հիմա սկսեմ զանգել, ասեմ` արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու եմ, ասեմ` կալանավորի, մի' կալանավորի: Մենք այս ճանապարհո՞վ ենք ուզում գնալ: Ես գիտեմ, որ լիքը մարդ կա այսօր Հայաստանում, որ ասում է` չհասկացա` էդ ո՞նց էր` անարդարություն գործելու համար զանգում, ասում էին, հիմա արդարության համար չեք զանգում: Էն որ ասում է` ո՞նց դառար էդպիսին, ասում է` հարցուփորձ անելով (ծիծաղում է): Հիմա սկսում ես լավ նպատակներով զանգել, հետո հարցուփորձը շարունակվում է, հետո տեսնում ես` ոչ մի դատավոր առանց քո զանգի վճիռ չի կարողանում որոշում կայացնի: Մենք դա՞ ենք ուզում»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ ինքն առաջին օրից այդ երևույթի հետ բախվել է:

«Ինձ ասում են` բա դատավորները սպասում են: Սպասում են, որ ինչ-որ մեկն ասի, բայց ես չեմ ասելու: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն ուզում է Հայաստանում կառավարություն լինի, որ սկզբունք չունի: Կան հարցեր, որոնց քաղաքական լուծում պետք է տրվի, նույնիսկ քաղաքական լուծումները պետք է իրավաբանորեն ճիշտ լինեն: Կարելի է գնալ այլ ճանապարհներով, բայց ես չեմ կարծում, որ այլ ճանապարհները ճիշտ են, համենայն դեպս` ոչ մեզ համար»,- շեշտեց նա:

Զուրաբյանն էլ համաձայնեց վարչապետի հետ, սակայն ներկայացրեց մեկ առաջարկ: «Դուք պետք է հանձնարարեք պատկան մարմիններին` քննարկել հնարավորությունը գտնելու տարբերակ, որպեսզի մենք ազատագրվենք էն տարբերակից, որը կար: Նայեք` ինչին է վերաբերում ասածս` թե' Դուք, թե' ես, թե' մնացած մեր ընկերները եթե ներման դիմում գրեին, ազատ կարձակվեին այն ժամանակ, բայց մենք դա չէինք անում, որովհետև գիտեինք` քաղաքական հայացքների համար էինք հետապնդվում: Ես կարծում եմ, որ եթե չկա նույնիսկ փաստաբան, որը կոնկրետ մարդու համար կդիմի, սակայն կա հանրային կամ հասարակական պահանջ, որ էսինչ գործը վերանայվի, չեմ կարծում` չի կարելի չգտնել օրինական ճանապարհն այս տիպի թնջուկներից դուրս գալու համար: Անելիք կա, և օրենսգրքի մեջ այդ մասը վերանայվելու կարիք ունի: Քաղաքական մարդու համար դժվար է ներմամբ դուրս գալ, ես կիսում եմ նրա տեսակետը: Պետք է ելքեր գտնենք»,- ասաց Զուրաբյանը:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ Շանթ Հարությունյանի խնդիրը շատ ավելի հեշտ խնդիր է, քան մյուսները: «Ձեր ասած խնդիրները լուծելու ճանապարհը հենց անցումային արդարադատություն է»,- նշեց նա: