կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 17:08
Քաղաքական

Հայրենադարձություն չկա, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն լինում. սփյուռքի նախարար

Հայրենադարձություն չկա, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն լինում. սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը չունի տեղեկատվություն, թե քանի ամերիկահայ է տունը վաճառել և հաստատվել Հայաստանում հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ երբ կառավարությունը նոր էր ձևավորվել, նախարարը հայտարարել էր, թե ԱՄՆ-ում մարդիկ կան, ովքեր խոսում են այն մասին, որ իրենց տները վաճառեն և գան, հաստատվեն Հայաստանում:

«Նման տվյալներ չունենք, տեղեկատվություն չկա, բայց, անշուշտ, կան նման մարդիկ: Բայց հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն լուրջ մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի հետ կապված, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների` իրենց պահանջով»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ իր հետ անհատական զրույցներում էլ Սփյուռքից շատերը  խոսում են ներդրումների մասին, հայրենադարձության մասին, բայց ասում են, թե իրենք ներկայացված չեն օրենսդիրում: «Ասում են` հետևաբար, շուտ արեք այդ խորհրդարանական ընտրությունները, որից հետո նոր կխոսենք թվերի մասին»,- ասաց նա: 

Ճշտող հարցին` այսինքն` Սփյուռքում է՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ կա, նախարարը պատասխանեց, որ նշում են, թե հեղափոխությունը կիսատ է և լիարժեք կլինի միմիայն խորհրդարանական ընտրություններից հետո: Նա նաև ասաց, որ չի կասկածում` վարչապետ Փաշինյանը, որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էլ, ի զորու է կազմակերպել ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ: