Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերիս բնավորության ամենաբացասական գծերից մեկը ցուցամոլությունն է, որը, գումարվելով ի սկզբանե մեր հանրույթի կրթված մասին բնորոշ՝ սեփական գործունեությունը թատերականացնելու միտումին, հաճախ ավերներ է գործում մեր ազգային-քաղաքական կյանքում:
Ասվածի հերթական ապացույցն է դառնում Կրասնոդարում հրապարակվող հայկական «Երկրամաս» թերթում տպագրված մի սովորական տեղեկատվության առաջ բերած միջազգային-քաղաքական արձագանքը: Խոսքը վերաբերում է այդ թերթում հայտնված՝ Ղրղզստանում բնավող մահմեդական համշենահայերի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին տեղեկատվությանը: Այն արդեն առաջ է բերել Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության զայրույթը, որը հասցրել է բողոքագիր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Համշենահայերը դեռևս Ղրղզստանում են, բայց նրանց մտադրությունների մասին արդեն գիտեն Ադրբեջանում ու միջնորդ երկրներում: Արդյունքում բարձրանում է «մեծ աղմուկ՝ ոչնչից»:
Մինչդեռ, խոսքը հայրենադարձության և ոչ թե վերաբնակեցման մասին է, քանզի, շփոթելով հասկացությունները, մենք լուրջ զենք ենք տալիս մեր հակառակորդներին, որոնք այսօր Սամցխե-Ջավախքում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման խնդիրը ոչ միայն դիտարկում են իբրև հայրենադարձություն, այլև վաղուց կարողացել են այդ գործընթացի մեջ ներքաշել եվրոպական կառույցներին:
Մինչդեռ մահմեդական համշենահայերը թուրք մեսխեթցիների նման Ստալինի կողմից Միջին Ասիա քշվածների ժառանգներն են, այսինքն՝ միջնաժամկետ կտրվածքով նրանց ճակատագիրը նույնն է: Ավելին, Սամցխե-Ջավախքը թուրքերի հայրենիքը չէ, ուստի եթե մեսխեթցիները պահպանում են իրենց ձեռքբերովի թուրքական ինքնությունը, ապա այդտեղ վերադառնալու իրավունք չունեն:
Մինչդեռ համշենահայերի ինքնությունը հայկական է, ուստի նրանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ սովորական հայրենադարձություն է, որի շուրջ արդեն իսկ բարձրացած աղմուկին դիմակայելու համար հարկ է փոխել հարցի հանդեպ մեր հայեցակարգային մոտեցումները:
Պատճառն այն է, որ որպես Հայոց ցեղասպանության զոհեր, այսինքն՝ փախստականների ժառանգներ, համշենահայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք՝ անկախ նրանից, թե քանի անգամ են տեղափոխվել մի երկրից մյուսը: Ու քանի որ Թուրքիան, հերքելով եվրոպական կառույցների կողմից վաղուց արդեն ճանաչված Ցեղասպանության փաստը, հրաժարվում է ընդունել նրանց, ապա հայկական զույգ պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ միայն կարող են, այլև պարտավոր են տեր կանգնել իրենց ազգակից փախստականներին:
Հասկանալի է, որ նման պայմաններում Ադրբեջանը շարունակելու է բողոքել՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղն ու նրա մասը կազմող ազատագրված տարածքները իր հողերն են: Ու քանի որ հարցն արդեն տեղափոխվել է միջազգային քննարկումների հարթություն, հայկական կողմերը ստացել են ոչ միայն հակառակորդին հակադարձելու, այլև ռազմավարական ծուղակի մեջ քաշելու հնարավորություն: Նրանք կարող են հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները ոչ միայն ողջ ադրբեջանահայության հայրենիքն են, այլև Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներինը: Այսինքն՝ երբ Թուրքիան ու Ադրբեջանը ժխտում են իրենց կողմից համապատասխանաբար համշենահայերի ու արևմտահայության այլ ժառանգների և Ադրբեջանի հայության հանդեպ իրականացված ցեղասպանության փաստը, ուստի՝ կատարված հանցագործության հետևանքների հաղթահարման խնդիրն իրենց վրա են վերցնում հայկական երկու պետությունները՝ Ցեղասպանության զոհերի ժառանգներին տալով հայրենադարձության իրավունք և նրանց տրամադրելով հայրենադարձի կարգավիճակ:
Նման իրավունք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տրամադրվել է Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից տեղափոխված միլիոնավոր լեհերի, չեխերի, ուկրաինացիների և այլ ժողովուրդների: Ավելին, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան պահանջում են Լեռնային Ղարաբաղի կամ ազատագրված տարածքների վերադարձը այնտեղից հեռացած ադրբեջանցի փախստականներին, ապա հայկական երկու պետություններն էլ նույն հաջողությամբ կարող են պահանջել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից բռնագաղթի ենթարկված հայության տարբեր հատվածների վերադարձը իրենց նախնիների բնակավայրերը:
Հակառակ պարագայում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որպես Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի շահերն արտահայտող պետություններ, պետք է օգտվեն Ցեղասպանության զոհերի ժառանգների հայրենադարձության՝ միջազգային տեսանկյունից միանգամայն օրինական իրավունքից: Իսկ սա նշանակում է, որ սկիզբ առնող բանավեճը նման հարթություն տեղափոխելու պարագայում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են ընդհանրապես փակված համարել ազատագրված տարածքների վերադարձի հարցը՝ դրանք դիտարկելով Ցեղասպանության զոհերին տրամադրվող մասնակի փոխհատուցման՝ ռեկոմպենսացիայի համատեքստում:
Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ