կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-01 15:59
Հասարակություն

2019թ. բյուջեն բավականին համեստ է, այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները

2018թ. հունիսին ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատվեց, որում նշված չէր որևէ քանակական ցուցանիշ, և նման դեպքում կառավարությունը նախօրոք ստանձնած որևիցե խոստում չունի, թե 2019թ. բյուջեում ինքը պետք է իրականացնի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հաստատված 2019թ. պետբյուջեի նախագծին

«Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կառավարությունը կարող է, ըստ իր հայեցողության և ըստ իր կանխատեսումների, իրականացնի բյուջետային քաղաքականություն և մշակի օրենքի նախագիծ։

Բացի սրանից՝ 2019-ի համար ներկայացված բյուջեի նախագծում, նախորդ տարվա համեմատ, մոտավորապես 10% աճ կա, որը պայմանավորված է մեր բյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրով, սակայն, այսուհանդերձ, այս նախագծով 2019թ.-ին աշխատավարձերի և նպաստների բարձրացում չի նախատեսվում։ Ողջունելի է, որ 2019-ին որոշ չափով կենսաթոշակների աճ է լինելու, բայց սա էլ իր հերթին մասամբ է, քանի որ թոշակների բարձրացում լինելու է միայն այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 25․500 դրամից»,- ասաց տնտեսագետը:  

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 27-ի հերթական նիստում, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց Հայաստանի 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, համաձայն որի՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ։

Ըստ նախագծի՝ 2019-ի համար տնտեսական աճը նախատեսված է 4․9% , որը, 2018թ-ի համեմատ, այդքան էլ մեծ չէ, քանի որ 2018-ին տնտեսական աճը նախատեսված էր 4,5%-ի չափով։

Տնտեսագետի գնահատմամբ՝ անգամ 2019թ. բյուջեի կատարողականի դեպքում Հայաստանում սոցիալ-տնտեսական կտրուկ փոփոխություններ չեն լինելու, որովհետև նախատեսվող տնտեսական աճը փոքր է, ինչպես նաև ներդրումների ծավալն էլ իր հերթին նվազման միտում է գրանցում։

Այս համատեքստում Պարսյանը հատկանշական համարեց նաև այն, որ 2018-2019թթ. արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռը մեծանալու է, այսինքն՝ ներմուծման ծավալները գերազանցելու են արտահանման ծավալները, որը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա հայաստանյան տնտեսության վրա։

Այս ամենից զատ, տնտեսագետի խոսքով, 2019-ին Հայաստանի պետական պարտքն է մեծանալու՝ հասնելով 7,5 միլիարդ դոլարի։ «Նախատեսվում է, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 7,5 միլիարդ դոլար, և սա այն դեպքում, երբ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը նախատեսված է 7 միլիարդ 50 միլիոն դոլար, այսինքն՝ 450 միլիոն դոլարով 2019թ. ընթացքում մեր պետական պարտքն ավելանալու է: Դա ունի մի քանի պատճառ։ Դրանցից առաջինն այն է, որ 2019-ի ընթացքում մենք մեծ ծավալներով մարելու ենք նախկինում ձեռք բերված պարտքերը»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2019թ. բյուջեն բավականին համեստ է: «Այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները»,- ասաց տնտեսագետը  և այս համատեքստում հավելեց. «Ողջունելի է, որ, 2018թ. բյուջեի համեմատ, 2019թ. բյուջեով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պահպանման համար ծախսերը նվազելու են, որը խոսելու է արդյունավետության բարձրացման մասին, սակայն մյուս կողմից՝ այս նախագծով հավակնոտ ծրագրեր, հավակնոտ ցուցանիշներ առկա չեն: Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ 2018-2019թթ. ձևավորվելու է նոր կառավարություն, որն իր հետ բերելու է իր գործունեության ծրագիրը և գուցե վերանայելու է 2019թ. բյուջեի նախագիծը»։

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ 2019թ. բյուջեն, ըստ էության, ներկայիս կառավարության ծրագրի նման ժամանակավոր է՝ միտված խորհրդարանական արտահերթ ընտրություններին և նոր կառավարության ձևավորմանը։

Հեղինակ՝ Դիանա Դավթյան

Մանրամասները՝ տեսանյութում։