Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 25-ին Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Միշել Ժերշինովիչը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես տեղի ունեցավ Բերձորի հետ բարեկամության պայմանագրի ստորագրման գործընթացը : «Իմ նախորդը, ով Արֆորվիլի քաղաքապետն էր, իսկ հիմա պատգամավոր է, կարողացել էր կապեր հաստատել և ստեղծել այս բարեկամության համաձայնագիրը Բերձորի հետ, որի համար մենք շատ գոհ ու երջանիկ ենք»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` ադրբեջանական կողմը նորմալ չի վերաբերվել այս բարեկամական գործընթացին, փորձել է ճնշումներ գործադրել, նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը, կարծես, դատական գործընթաց է սկսել, սրան ինչպե՞ս է արձագանքել ֆրանսիական կողմը, Ժերշինովիչը պատասխանեց. «Այո, մենք ճնշումների ենք ենթարկվել ադրբեջանական կողմից, Ադրբեջանն իրավաբանական գրասենյակի միջոցով ցանկանում էր ճնշումներ գործադրել Արֆորվիլի վրա, բայց մենք չենք զիջել և դիմակայել ենք ու հիմա արդեն ստորագրել ենք այդ բարեկամության համաձայնագիրը»:
Նա նաև ասաց, որ դա իր առաջին այցը չէր Արցախ: «Տպավորությունս այն էր, որ հանդիպեցի ժողովրդի, որը քաջ է և ցանկանում է պայքարել իր ապագայի համար: Մենք մտադիր ենք կոտրել Արցախի ժողովրդի մեկուսացումը»,- ասաց Արֆորվիլի քաղաքապետը:
Նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Լյուկ Կարվունասն էլ լրագրողներին ասաց, որ խոր բարեկամական կապեր կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև: «Մենք` ֆրանսիացիներս, հայերի, Հայաստանի, հիմա նաև Արցախի և Բերձորի հետ ունենք առաքելություն` ստեղծել երկխոսություն և միասին ծրագրեր իրականացնել»,- ասաց նա:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով` այն, որ Արֆորվիլի նման քաղաքը ստորագրել է բարեկամության հուշագիր Բերձորի հետ, դա քաղաքական գործընթաց է, և երբ ադրբեջանական կառավարությունն իր իրավաբանների միջոցով ճնշում է գործադրում Արֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: «Չնայած այս ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքպետեր, ինչպիսին է Արֆորվիլի քաղաքապետը, ովքեր Հայաստանի և Արցախի կողքին են»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն Բերձորում, պատգամավորն ասաց, որ ցանկանում են սկսել մշակութային ծրագրերից:
Նա նաև նշեց, որ Հայաստանում իրողություններ են փոխվել: «Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, և Հայաստանում այս նոր իրողության հետ կապված հույս ունենք, որ կարող ենք մի փուլ առաջ անցնել Արցախի ճանաչման հարցում»,- ասաց նա:
Նշենք, որ պատվիրակության կազմում են Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի ներկայացուցիչներ:
Բերձորի հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին, այդ կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Ալֆորվիլի այն ժամանակվա քաղաքապետ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետ բարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։
Ալֆորվիլը «քույր քաղաքը» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ: Պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցից հետո մեկնեց Օշական: