կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-10 14:37
Քաղաքական

Եթե ՔՊ-ն միայնակ կարողանա մեծ քվե վերցնել, ես դեմ եմ մաս կազմել այդ մեծին. Արամ Սարգսյան

Եթե ՔՊ-ն միայնակ կարողանա մեծ քվե վերցնել, ես դեմ եմ մաս կազմել այդ մեծին. Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով` Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարող են վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին` ինչպե՞ս է  պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը:

«Հնարավորություն կա, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` ՔՊ-ն, ԼՀ-ն, «Հանրապետությունը», որոնք  գաղափարներով մոտ են, մեկ թիմով գնան: Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնանք: Այդ ամենը կախված է ուժերի հնարավորություններից: Եթե ՔՊ-ն միայնակ էլ կարողանում է  մեծ քվե վերցնել, ես անձամբ դեմ եմ մաս կազմել էն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է: Այնքան որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, դա իմը չէ»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի` եթե ժողովուրդը ցանկանա համախմբում, իսկ մեծամասնություն ձևավորելն էլ բարդ դառնա, լինի միավորվելու պահանջարկ քաղաքական դաշտում, իրենք և ոչ միայն իրենք համախմբված կգործեն: «Եթե չի լինի, հանրությունը բավարարված կզգա ՔՊ-ի գործունեությունից, նրա վարած  կադրային քաղաքականությունից, վստահաբար ,ՔՊ-ն միայնակ կգնա, մենք և ԼՀ-ն միասին` ինչպես այսօր»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե «Ելք» դաշինքը փլուզվել է: ««Ելք»-ն ԱԺ-ում գոյություն ունի և գոյություն է ունենալու մինչ նոր խորհրդարանական ընտրություններ»,- եզրափակեց նա: