Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, և քաղաքականությունը, այդ թվում` միջին օղակների քաղաքականությունը վարում է նա, ու ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ. մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՊԵԿ-ում աշխատանքի են անցել կոռուպցիոն սկանդալներում հայտնված մարդիկ:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում դժվար է կատարել կադրային նշանակումներ, որոնք բացասական արձագանք չեն առաջացնի: «Ես չեմ պատրաստվում նաև անարձագանք թողնել այն անհանգստությունները, որ մարդիկ ունենում են: Այդ ահազանգերն իմ ուշադրության կենտրոնում են: Ես մի քանի անգամ ՊԵԿ-ի հետ կապված զրուցել եմ ՊԵԿ նախագահի հետ և հույս ունեմ, որ մեր զրույցները կոնկրետ արդյունքների կհանգեցնեն: Իսկ եթե արդյունքներ չլինեն, արդեն իսկ իմ արձագանքը կլինի»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ իրենց համար կարևոր է փոփոխությունների այս շրջանում ապահովել համակարգերի կայունությունը: «Եթե տեսաք՝ ոստիկանությունում դրամատիկ կադրային փոփոխություններ չարեցինք: Մենք հարկային և մաքսային, քննչական համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, որպեսզի համակարգերի կայունությունն ապահովենք ու վակուում չառաջացնենք: Մեծ հաշվով՝ քաղաքական հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել, բայց կադրային հեղափոխություն դեռևս տեղի չի ունեցել: Մենք անխուսափելիորեն հասնելու ենք կադրային հեղափոխության էջին», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, կադրային հեղափոխություն ասելով՝, նկատի չունի, որ գերանդին առնելու և հնձելու է բոլորին:
Նա նշեց նաև, որ հույս ունի, որ բոլորս էլ հասկանում ենք, որ, ասելով կոռուպցիայի դեմ պայքար, չի նշանակում, որ խոսքը վերաբերում է միայն նախկին իշխանությունների իրականացրած կոռուպցիային, այլ պայքար կոռուպցիայի դեմ` ընդհանրապես, այդ թվում՝ այսօր գործող պաշտոնյաների: «Այդ կախարդական փայտիկը հաջողությամբ գործում է և այսօր. ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող նույնիսկ պատկերացնել 4 ամիս առաջ: Այնպիսի չվճարված հարկերի մասին են բացահայտումներ արվում, որոնք ֆանտաստիկայի ժանրից կլինեին 4 ամիս առաջ: Այնպես որ` կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և դրա հետ ոչինչ չի կատարվել»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ կան հայտնի ընկերություններ, որոնց հետ կապված բացահայտումներ են արվում, և իրենց նպատակն ամենևին էլ այն չէ, որ այդ ընկերությունները դադարեն գործել: Ըստ նրա՝ եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, և նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու: