կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-14 14:28
Հասարակություն

Մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության. Փաշինյան

Մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության. Փաշինյան

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել: 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը: 

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: «Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է: «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն: Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին: