կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-13 20:11
Հասարակություն

Երազանք, որ մնաց Կարսում

Երազանք, որ մնաց Կարսում

Անին ծննդյան օրը նշեց Կարսում: Հայկական ծագմամբ քաղաքի թուրքական սրճարանում առաջին անգամ հայերենով հնչեց «Տարեդարձ է այսօր»-ը: Անիի ծնողների համար դա ուրիշ տարեդարձ էր, գուցեև` ամենասպասվածը. նրանք առաջին անգամ էին Արևմտյան Հայաստանում:

Մեծերի աղմուկից ձանձրացած աղջնակի համար ծննդյան միակ անակնկալը հասարակ տորթն էր, 8 մոմերը, որոնք մինչև տեղ հասցնելը հանգեցին: Տղամարդիկ արագ կրակայրիչներ մեկնեցին, կանայք էլ հասցրեցին հուշել՝ երազանք պահիր, նոր փչիր: Անին ամուր փակեց աչքերն այնպես, որ ոչ-ոք «չտեսնի» երազանքը:

Անին առաջին անգամ ծննդյան մոմերը փչեց անծանոթ քաղաքում, Կարսում առաջին անգամ երազանք պահեց: Անիի միակ հասակակիցն անծանոթ հնչյունների ձայնից սրճարան մտած թրքուհին էր, ով ժպիտով զննեց նախ տորթը, հետո՝ Անիին: Աղջնակները միմյանց նայեցին. ժպիտներ փոխանակելուց հետո թրքուհին հեռացավ՝ շարունակելու դրսում կիսատ թողած խաղը: Տեսնես ի՞նչ էին միմյանց ասում մանկական պարզ աչքերը… Մեկը մյուսից սիրուն ու ջինջ այդ աչքերում չկար չարություն, չկար թշնամանք ու ատելություն: Աչքերը չարանում են ցավից ու տառապանքից, թրջվում`կարոտից ու անզորությունից, բայց Անիի աչքերն ուրիշ էին…

Անին, որ տեսել էր Արարատը մյուս կողմից, մատիտով նկարել մեծ ու փոքր Մասիսները, Արաքսն ու երկու բարդիներ, գիտեր, որ թուրքերը մեր թշնամիներն են: Նա գիտեր նաև, թե ինչու են իրեն կոչել Անի, բայց չգիտեր, թե ինչու Հայաստանին այդքան մոտ Անի հասնելու համար մի ամբողջ օր ճանապարհ ընկան: Անին չգիտեր նաև, թե ինչու թուրք-վրացական սահմանին հայկական համարանիշերով մեքենան հետ դարձավ, իսկ իրեն ու խմբի մյուս անդամներին Անի հասցրեց քուրդ վարորդը:

Հետո` տարիներ անց, Անին կհասցնի իմանալ, թե ինչու կործանվեց Բագրատունյաց այդ չքնաղ քաղաքը, կիմանա, որ Կարսի մարզը, Սուրմալուի գավառն ու էլի շատ ու շատ տարածքներ երբեք Թուրքիայի մաս չեն կազմել, որ իր երկրի սահմանը հենց Կարսում՝ վագոնի մեջ, երեք գրչով գծել են մեծ տերությունները, հետո այդ գրիչները պահել ցուցափեղկում, իսկ վագոնը դարձրել թանգարան:

Տարիներ անց Անին կհասկանա, թե ինչու այդ օրը Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի մտնելիս իրենից ու մյուսներից պահանջեցին հանել կոշիկները, կիմանա, թե ինչ է նամազը, ու ինչու հայկական եկեղեցում չէր հնչում «Տեր, ողորմեա»-ն:

Տարիներ անց, երբ Անին անգիր անի Չարենցի «Տաղ անձնական»-ը, կհասկանա, թե ինչ էր Չարենցը թողել Կարսում՝ գետի ափին… Կարսի՝ հայկական հետքերը թաքցնող փողոցներում գուցե Անին էլ փնտրի Կարինե Քոթանճյանին, որ Չարենցից «մնաս բարով» փոխանցի:

Տարիներ անց, երբ Անին իմանա, թե ի՞նչ է Էրգիրը, կհասկանա, թե ինչու էր այդ օրը Կարսում խմբից հետ մնացած հայ կինը ճանկռտում գետինն ու բռով հող հավաքում, թե ինչու հայերն այդ օրը որոշեցին հենց Կարսի բերդում քոչարի պարել, այն էլ` առանց երաժշտության:

Տարիներ անց, երբ Անին թերթի Կարսում արված լուսանկարները, կհասկանա, թե ինչու էին ծնողներն այդ օրն իրեն այնպես լուսանկարում, որ Կարսի բերդի վրա ծածանվող լուսնի մահիկով կարմիր դրոշը չերևա:

Տարիներ անց Անին կհասկանա, որ այդ օրը սովորական տարեդարձ չէր: Այդ օրը Անին առաջին անգամ երազեց … Կարսում:

Հայկական ծագմամբ այդ քաղաքում դեռ էլի հայ ուխտավորներ կքայլեն, Կարսի` արդեն թուրքացած փողոցներում ամեն մի հայկական փշրանքից էլի կթրջվեն հայի աչքերը… Անիի երազանքն էլ կմնա Կարսում՝ երբեմնի հզոր հայկական քաղաքում:

Թագուհի Մելքոնյան