Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախիջևանի հետ սահմանին գտնվող Գյուննութ լքված բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ այցելելը թույլատրող` հայկական կողմի մարդասիրական քայլը, ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիներն այլ կերպ են մեկնաբանել: Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով Նախիջևանի առանձին համազորային բանակի մամուլի ծառայությանը, հայտնել է, թե իբր ադրբեջանական կողմը մայիսի վերջին «ազատագրել է» Գյուննութ բնակավայրը:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Գյուննութ ավերակ բնակավայրը գտնվում է հայկական կողմի տիրապետության տակ է, ինչը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել: «Ադրբեջանցիների այդ սուտը շատ արագ կարելի է բացահայտել` ընդամենը լուսանկարներ կամ տեսանյութ անելով»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել էր ՀՀ ԶՈւ հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչների` կարճ ժամանակով մոտենալը գերեզմանատեղիին։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` ակնհայտ է, որ հայկական կողմը բարի կամք է դրսևորել, ինչը հակառակորդը փորձել է այլ կերպ ներկայացնել: Ըստ նրա` հայկական կողմն իր կատարած մարդասիրական քայլի մասին անմիջապես չի խոսել` չցանկանալով գլուխ գովել կամ գուցե անվտանգության նկատառումներից ելնելով: «Եթե ադրբեջանական կողմն այդ քայլը մեկնաբանում է որպես գյուղն ազատագրել, ապա դա խոսում է երկու կողմերի ընկալումների տարբեր մակարդակի մասին»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով` իրականում դա մեծ իրադարձություն էլ չէ, որ անհրաժեշտ լիներ լուսաբանել: «Սա փոքր հարց է, և պետք չէ դարձնել միջազգային հանրության ու միջնորդների միջոցով քննարկելու հարց»,- կարծիք հայտնեց նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` այս դեպքը պետք է հայկական կողմի համար հերթական դասը լինի: «Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը դեռ պայմանավորվող չէ, անգամ մարդկային զգացմունքների վրա հիմնված պայմանավորվածությունը կարող է հանգեցնել նման մեկնաբանությունների և շահարկումների»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է այս քայլով նպատակ կար որոշակի հարցեր առանց միջնորդի քննարկել ու լուծել, քաղաքագետը պատասխանեց. «Անվտանգությանը վերաբերող` լոկալ բնույթի հարցերը տրամաբանական է ուղիղ շփումներով փորձել լուծել: Տեղում հարցերին լուծում տալը հաճախ ավելի արդյունավետ և օգտակար կարող է լինել»:
Քաղաքագետի գնահատմամբ` նմանատիպ դեպքերում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու, ամեն բան որպես հաղթանակ ներկայացնելու մոլուցքը: