Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի կոլեկտիվը հունիսի 1-ին ինստիտուտում բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին նույն պաշտոնում թողնել: Նրանք մտել էին ինստիտուտի դահլիճ, որտեղ ընթացող` գիտական խորհրդի նիստի մասնակիցներից նույնպես պահանջել էին միանալ իրենց:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ստեղծված իրավիճակին՝ ասելով, որ փաստացի կա մի «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած տեղն իրենց սեփականությունն է։
«Ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որի պատճառով վերջին շրջանում աղմուկ բարձրացավ մեր համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Դա գուցե միայն մեր համակարգին չէ բնորոշ, բայց ես, իմ փորձից ելնելով, կասեմ` երբ փորձում ես համակարգում որևէ գործողություն կատարել, օրինակ` մարդուն ավելի բարձր պաշտոն տալ կամ խնդրել տեղափոխվել այլ աշխատանքի, քանի որ ինքը լավ չի կատարում իր գործը, կամ ազատում ես աշխատանքից, սա ընկալվում է տվյալ մարդու անձնական կյանքի, սեփականության նկատմամբ ոտնձգություն, ինչպես կգնայիր նրանց տունը թալանելու»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ այս մասին խոսում է, քանի որ վերջերս երկու դեպք տեղի ունեցավ՝ առողջապահության ազգային ինստիտուտի հետ կապված և բաց նամակը: Խոսելով առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առնչվող դեպքի մասին՝ նախարարն ասաց, որ Բազարչյանին առաջարկել էր նախարարի խորհրդականի պաշտոնը՝ ապագայում ավելի բարձր պաշտոնի տանելու մտադրությամբ, նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսք գնում։ Ըստ նախարարի՝ Բազարչյանը, կարծես, համաձայնել էր:
«Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր։ Պարզվում է՝ ինստիտուտի անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս քվոն, ինչը որոշների համար առավոտյան ժամը 10:00-ին աշխատանքի գալը և 15:00-ին տուն գնալն ու անհասկանալի է՝ այդ ընթացքում ինչով զբաղվելն էր, կազմակերպում է իրարանցում ինստիտուտում՝ գիտխորհրդի նիստի ժամանակ, որտեղ պետք է գիտական հարցեր քննարկեին: Ու այդ իրարանցման ժամանակ կազմվում է ինձ ուղղված մի նամակ, թե` ինչո՞ւ եք ուզում մեր տնօրենին հանել գործից՝ այն դեպքում, երբ ես ուզում էի նրան ինձ մոտ բերել, քանի որ նա պրոֆեսիոնալ է հանրային առողջապահության ոլորտում, ծխելու դեմ պայքարում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի գնահատականով՝ այն, որ ինստիտուտի աշխատակիցներն իրեն ուղղված նամակում գրել են` ինչո՞ւ եք ուզում մեր տնօրենին հանել աշխատանքից՝ մենք առանց նրա չենք կարող աշխատել, տպավորություն է ստեղծում, թե այդ ինստիտուտը մի անձի վրա է կառուցված, եթե այդ անձը չլինի, ինստիտուտը չի լինի: Սա, Թորոսյանի խոսքով, սխալ է և ապացուցում է իր գործողությունների ճշմարտացիությունը։ «Ինչպե՞ս կարող է որևէ պետական ինստիտուտ կազմված լինի ընդամենը մեկ անձի շուրջ: Սա նշանակում է, որ այդտեղ ամեն ինչ սխալ է: Աշխատողների քայլերն առաջին հերթին վնասում են հենց ինստիտուտի տնօրենին: Ու քանի որ փաստացի ստացվում է, որ Բազարչյանը մերժում է իմ առաջարկը՝ գալ ինձ մոտ, հետևաբար` նա կմնա ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ մինչև մտածենք, թե ինչպես ենք այդ ինստիտուտը ոտքի կանգնեցնում, քանի որ դա փաստացի չաշխատող մի ինստիտուտ էր»,- ասաց նախարարը։