կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 14:53
Հասարակություն

Առաջին հանրապետության ամենամեծ դասը՝ ապավինել սեփական ուժերին

Առաջին հանրապետության ամենամեծ դասը՝  ապավինել սեփական ուժերին

Հայտնել ենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ընթանում է գիտաժողով՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը, 1918-1920 թթ» խորագրով:

«Վէմ» հանդեսի խմբագիր Գևորգ Խուդինյանը նշեց, որ այս գիտաժողովի ընթացքում փորձելու են հետապնդել և լուծել երեք խնդիր: Առաջին խնդիրը, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության 1918-1920 թթ. պատմությունը լիարժեքորեն համաշխարհային պատմության տիրույթ տեղափոխելն է, այսինքն` գիտական ընկալումների դաշտ դուրս բերելը: «Դա մեզ համար ոչ միայն ներգիտական, այլև աշխարհայացքային խնդիր է` հաշվի առնելով Հայաստանի ներկա կացությունը և ներկա իրողությունների պայմաններում մեր կողմից աշխարհում ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Խուդինյանի խոսքով` գիտաժողովի երկրորդ խնդիրը կապված է իմացական կարևոր նշանակություն ունեցող և վերջին հարյուրամյակում եվրոպական պատմագիտության մեջ լայնորեն կիրառվող հիշողության պրոբլեմի հայաստանյան ընկալումների ձևավորման հետ: «Գիտաժողովի հետապնդած  երրորդ խնդիրը կապված է  այդ հիշողությունը ինտելեկտուալ պատմության դաշտ տեղափոխելու խնդրի հետ, այսինքն` սերունդների միջև այնպիսի երկխոսային միջավայրի ձևավորման անհրաժեշտության հետ, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության` այդ սերնդի արժեքային համակարգը այսօր էլ ոչ միայն ընկալվի, այլև դառնա ներկա սերնդի ձգտումների դաշտում կարևոր ներկայություն»,- տեղեկացրեց նա:

Խուդոյանը նշեց, որ այս խնդիրների հետապնդման առումով մեզանում դեռևս խնդիրներ կան,  և գիտաժողովն անհրաժեշտ էր, բայց կա նաև մեկ այլ կարևոր առաջադրանք: «Մինչև այսօր մենք փորձում էինք մեզ համար հեղինակություններ գտնել տարբեր սերունդների գիտնականների բարի խոսքով, այդ մոտեցման ժամանակը սպառվել է, որովհետև երբ մենք վերադառնում ենք մեր ազգային ակունքներին, պետք է հիշենք, թե ում զավակն ենք եղե,լ և դարերի ընթացքում ով է  մեզ պահել որպես հայ»,- պարզաբանեց նա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ իր խոսքում նշեց, որ կան խնդիրներ, որոնք խորհրդային օրերից մնացած կարծրատիպերով այսօր շարունակվում են իրականությանը չհամապատասխանող ձևով ընկալվել, նաև դասավանդվել, դասագրքերում խեղված ձևերով ներկայացվել: «Այս գիտաժողով-քննարկման կարևորությունը հենց դրա մեջ է, որ փորձենք վեր հանել այդ խեղաթյուրումները, փորձ անել փոխել կարծրատիպերը, և մեր հասարակությանը ներակայացնել իրականությունը, ճշմարտությունը»,- ասաց Մանոյանը:

Կարևորը Հայաստանի պետականության վերականգնման փաստը արձանագրելն է` որպես այդպիսին. ոչ միայն Առաջին հանրապետության հարյուրամյակ, այլև հայկական պետականության վերականգման հարյուրամյակ: «Կարող է լինեն առարկողներ, որ միշտ էլ ունեցել ենք պետականության որոշ հատկանիշներով կառույցներ, բայց փաստ է,  որ 1918-ին վերականգնվեց հայկական պետականությունը, և այդ պետականությունն է, որ, փաստորեն, եղել է  այս անցնող հարյուր տարիներին այն վեմը, որի շուրջ մեր ժողովուրդը, մեր ազգը շարունակում է իր գոյատևումը»,- ասաց Մանոյանը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երկարատև հոգեվարքի և, ի վերջո, կործանման է դատապարտված այն ժողովուրդը, որը երբևէ չի ձգտել ազատության ու անկախության: «Հարկ է նշել, որ այս պարագայում հայ ժողովուրդը միշտ էլ այդ անկախության գաղափարի ձգտումը վառ է պահել, և դրա առհավատչյան 1918 թվականի մայիսյան հերոսամրտերի բովում ծնված մեր անկախության հռչակումն էր: Հայաստանի Առաջին հանրապետությունը ծնվեց առաջին հերթին մայիսյան հերոսամարտերի արդյունքում` Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ Ապարանի հերոսամարտերի արդյունքում, սակայն պետք է նշել, որ այս հերոսամարտերի կողքին է դասվում նաև Բաքվի 18 թվականի հերոսամարտը, ինչը մեր օրերում քիչ է նշվում»,- ասաց նա:

Ստեփանյանն ընդգծեց, որ Առաջին հանրապետության ամենամեծ դասն այն է, որ մենք պետք է ապավինենք մեր ուժերին. «Պատմությունը ցույց է տվել, երբ հայ ժողովուրդը ապավինում է ինքն իր ուժերին և չի տրվում այս կամ այն օտար խաղերին, միշտ էլ կարողանում է հաղթանակով դուրս գալ, առաջին դասը սա է»,- եզրափակեց նա: