կարևոր
1045 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 18:13
Աշխարհ

ԵՄ-ն այլևս չի կարող անվտանգության հարցում ապավինել ԱՄՆ-ին. Politico

ԵՄ-ն այլևս չի կարող անվտանգության հարցում ապավինել ԱՄՆ-ին. Politico

ԵՄ անդամ երկրների ղեկավարները գիտակցում են, որ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո այլեւս չեն կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա՝ ապահովելու ԵՄ անվտանգությունը։ Այս մասին գրում է Politico եվրոպական հրատարակությունը։

Հրատարակության խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնն այժմ պետք է վերանայեն պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանները։ 1949 թվականին ՆԱՏՕ-ի ստեղծումից հետո Միացյալ Նահանգները ստանձնեց դաշինքի եվրոպական անդամ երկրների պաշտպանության պատասխանատվությունը։ Ինչպես նշում է թերթը, Եվրամիությունն այժմ պետք է շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն աշխարհում փոխված իրավիճակի պատճառով, այլև այն պատճառով, որ «ԵՄ-ն պաշտպանելու Ամերիկայի շահը նվազում է»։ Ավելին, Եվրոպան չունի այն ռազմական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Կիևին աջակցելու համար՝ առանց Միացյալ Նահանգների զգալի օգնության։

Քանի որ եվրոպական երկրներում տնտեսական իրավիճակը տարեցտարի վատանում է, Թրամփի վարչակազմը «վերանայում է Եվրոպայի տեղը բարդ գլոբալ ռազմավարական լանդշաֆտում» և, հավանաբար, «հաճախ հակասություններ կունենա դրա հետ Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, առևտրի, կլիմայի հարցերում», գրում է թերթը։ Նրա կարծիքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը ոչ միայն «շոկ ու վրդովմունք առաջացրեց» ԵՄ-ում, այլև ցույց տվեց, որ «Եվրոպայի և Թրամփի Ամերիկայի միջև անդունդն ավելի է մեծանում»։

Վենսը, ելույթ ունենալով Մյունխենում փետրվարի 14-ին կայացած համաժողովում, քննադատել է ԵՄ-ին գրաքննության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի արգելափակման համար: Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան վախենում է սեփական ընտրողներից և այս վիճակում ԱՄՆ-ի համար անօգուտ է։ Փոխնախագահը նշել է, որ միգրանտների հանցագործությունները ԵՄ-ում կրկին ու կրկին կրկնվում են, սակայն դրանցից կարելի է խուսափել սահմանային հսկողության խստացմամբ։