կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 13:38
Հասարակություն

Հայաստանի 100-ամյա Հանրապետության հետքերով

Հայաստանի 100-ամյա Հանրապետության հետքերով

Ուղիղ 100 տարի առաջ, երբ վիթխարի զոհողութիւնների շնորհիւ վերականգնւեց Հայաստանի պետականութիւնը՝ շուրջ 600 տարուց յետոյ, երկրում սկսւեցին պետականաշինութեան աշխատանքները, ստեղծւեցին խորհրդարան եւ նախարարութիւններ, դեսպաններ գործուղւեցին տարբեր երկրներ եւ Ցեղասպանութեան արհաւիրքից անցած ու յոշոտւած մի բուռ Հայաստանը հետզհետէ կարողացաւ հաստատւել՝ որպէս հանրապետութիւն:

1918 թւականին Հայաստանը կառավարւում էր խորհրդարանական համակարգով. Հայաստան աշխարհի պատմութեան մէջ առաջին օրէնսդիր մարմինը, ձեւաւորւեց 1918 թւականի ամռանը՝ Հանրապետութեան հռչակումից երկու ամիս անց: Ի դէպ այն եղել է միակ օրէնսդիր մարմինը, որը ձեւաւորւել է ոչ թէ ընտրութիւնների, այլ քաղաքական պայմանաւորւածութեան արդիւնքում: Նկատի առնելով, որ այդ ժամանակաշրջանում երկրի պայմանների պատճառով ընտրութիւնների մասին խօսք անգամ չէր կարող լինել, չորս քաղաքական կուսակցութիւնները համաձայնւեցին եռապատկելով Հայոց Ազգային խորհրդի անդամների թիւը այն վերածել օրէնսդիր մարմնի: Այս խորհրդարանին անդամակցող 46 պատգամաւորներից 38-ը՝ հայեր, 6-ը թուրքեր եւ մէկական ռուս ու եզդի էին, իսկ քաղաքական ուժերը ներկայացւած էին հետեւեալ կերպ. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ ժողովրդական կուսակցութիւնը (Ռամկավարներ), Սոցիալ Դեմոկրատները եւ Սոցիալիստ Յեղափոխականները:

1918 թ. նոյեմբերի 4-ին, Խորհուրդը հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Հայ ժողովրդական կուսակցութեան կոալիցիոն կառավարութիւնը եւ այսպիսով Հայաստանն իր նախնական քայլերը կատարեց կանոնաւոր խորհրդարանական համակարգ ստեղծելու ուղղութեամբ: Յովհաննէս Քաջազնունիի նորաստեղծ կառավարութեան կազմում վարչապետի (Յովհաննէս Քաջազնունի), արտաքին գործոց (Սիրական Տիգրանեան), ներքին գործոց (Արամ Մանուկեան) եւ խնամատարութեան (Խաչատուր Կարճիկեան) նախարարութիւնների պաշտօններն զբաղեցնում էին դաշնակցականները, իսկ Ելեւմտական (Արտաշէս Էնֆիաջեան), արդարադատութեան (Սամսոն Յարութիւնեան), հանրային կրթութեան (Միքայէլ Աթաբեկեան) եւ պարենաւորման (Լեւոն Ղուլեան) նախարարութիւնները՝ Հայ ժողովրդական կուսակցութիւնը, զինւորական նախարարի պաշտօնը վարեց Յովհաննէս Հախվերդեանը, որն անկուսակցական էր:

1919 թւականի յունիսին, 80 պատգամաւորների ընտրութեան համար կայացան խորհրդարանական առաջին ընտրությունները՝ եօթ կուսակցութիւններից թեկնածուների եւ 366 հազար ընտրողների մասնակցութեամբ: Ժողովրդական սկզբունքներով կազմաւորւած խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցութիւն` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը, Սոցիալ-Յեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցութիւնը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցութիւնները: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատգամաւորները կազմում էին խորհրդարանի մեծամասնութիւնը, իսկ միւսները հանդէս էին գալիս որպէս ընդդիմադիր: Թէեւ մի շարք շեղումներ եւ ճնշումներ վնասեցին այս ընտրութիւնները, սակայն ընտրութիւնների աւարտը Հայաստանի պատմութեան մէջ ազգային մասշտաբով շրջադարձային էր եւ ազգաբնակչութիւնը պետականաշինութեան եւ ժողովրդավարական գործընթացին անպատրաստ լինելով հանդերձ, այնուամենայնիւ գործնական փորձի հնարաւորութիւն էր ստանում:

Յատկանշական է, որ վերոնշեալ 80 պատգամաւորներից 3-ը կանայք էին, նշւած թւականին անկախ Հայաստանում կանայք ընտրելու եւ ընտրւելու իրաւունք ունէին, ինչը դեռ ընդունւած չէր այն օրերի բազմաթիւ զարգացած երկրներում:

Ընտրութիւնների միջոցով կազմւած այս խորհրդարանն իր աշխատանքն սկսեց 1919 թւականի օգոստոսի 1-ին: Նախորդող 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած փոփոխութիւնները տպաւորիչ էին, կառավարութեան անիւը սկսել էր պտտել եւ հանրապետութիւնը դիմակայելով բոլոր դժւարութիւնները եւ անբարենպաստ հանգամանքները յաջողել էր գոյատեւել:

1919 թւականի սեպտեմբերի 27-ին, Երեւանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր Ժողովը, որը պատմական նշանակութիւն ունեցաւ հետեւեալ առումներով, այն Դաշնակցութեան առա-ջին գերագոյն ժողովն էր, որը գումարւեց Անկախ Հայաստանի ու հայ ազգային պետականութեան առկայութեան պայմաններում եւ կարեւորւեց ոչ միայն հայ ազգային-ազատագրական շարժման աւե-լի քան երեսնամեայ պայքարի յաղթանակի պսակումը ամրագրելու իմաստով, այլեւ՝ հայ քաղաքա-կան մտքի ակամայ, այլ բռնի երկփեղկումին վերջ տալու առումով: Ընդհանուր Ժողովը Դաշնակցու-թեան Ծրագրից ջնջեց Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի համար 1907-ի 4-րդ Ընդհանուր ժողովում առաջադրած լայն ինքնավարութեան քաղաքական առաջադրանքները եւ փոխարէնը որոշեց ծրագրային նպատակ ունենալ ՙՄիացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստան՚ իրագործումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դաշնակցութիւնը խորհրդարանում մեծամասնութիւն էր կազմում, կուսակցութեան 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց տարանջատել կուսակցութիւնը եւ կառավարութիւնը, դա նշանակում էր, որ կուսակցութեան Բիւրոյի անդամները չէին կարող միաժամանակ կառավարութեանը մաս կազմել, իսկ կառավարութեան դաշնակցական անդամները չէին կարող միեւնոյն ժամանակ կուսակցական որեւէ մարմնի անդամ լինել: Այս հիմունքներով էլ կեանքի կոչւեց Ալեքսանդր Խատիսեանի կառավարութիւնը:

Հայաստանի խորհրդարանն իր գոյութեան ընթացքում հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան վերաբերեալ ընդունեց 1000-ից աւելի օրէնքներ եւ օրէնքի ուժ ունեցող իրաւական փաստաթղթեր: Ուշագրաւ են հայերէնը պետական լեզու հռչակելու, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականութեան եւ բանւորների աշխատավարձերն ու թոշակներն աւելացնելու, ազատագրական կռիւներում զոհւածների երեխաների ուսումը կազմակերպելու, հայ գրողներին եւ գիտնականներին նիւթական օժանդակութիւն տրամադրելու եւ արտասահմանում սովորող երիտասարդութեանը նպաստներ յատկացնելու եւ բազմաթիւ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերեալ կատարւած օրէնսդրական քայլերը:

Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իրականացումը՝ որպէս արգասիքը յարատեւ պայքարի, հունաւորեց Դաշնակցութեան յետագայ ուղին՝ Հայաստանի Հանրապետութեան վերականգնումը դարձնելով կիզակէտը Դաշնակցութեան ազգային-քաղաքական նպատակի:

Այստեղ կարեւոր է յիշատակել, որ համարեայ 70 տարի անց՝ 1990 թւականի օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան մասին Հռչակագիրը, որտեղ զարգացնելով 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, յայտարարում է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

Վերանկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագոյն խորհուրդը 1990 թւականին կազմաւորւեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամաւոր), երկու փուլով` մայիսի 20-ին եւ յունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս խորհրդային հանրապետութիւն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել յուլիսի 20-ից, ներկայացւած էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցութիւնը եւ Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ): Յետագայում խորհրդարանում կազմաւորւեցին Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցութիւն (ՀՌԱԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ), Հայաստանի Ագրարային ժողովրդավարական կուսակցութիւն (ՀԱԺԿ), Հայաստանի կոմունիստական կուսակցութիւն (ՀԿԿ) քաղաքական խմբակցութիւնները:
1995 թւականի յուլիսի 5-ին ընդունւեց Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

Սահմանադրութիւնն ամրագրեց Հայաստանի Հանրապետութեան բնոյթը՝ որպէս ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական եւ սոցիալական պետութեան, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները, սահմանեց հանրապետութեան կառավարման ձեւը՝ հիմնւած օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատման սկզբունքի վրայ: Սահմանադրութեամբ ձեւաւորւեց կիսանախագահական կառավարման ձեւ՝ Հանրապետութեան Նախագահին վերապահւած լայն լիազօրութիւններով: 1995 թւականի Հայաստանի Սահմանադրութիւնը« իշխանակենտրոն Սահմանադրութիւն էր՝ անձնակենտրոն իշխանական համակարգով: Այդ Սահմանադրութեան առանցքը ոչ թէ մարդն էր՝ իր հիմնական իրաւունքներով, այլ Հանրապետութեան նախագահը՝ իշխանութեան բոլոր ճիւղերի նկատմամբ իր գերակայ դիրքով:

Փոփոխութիւնների յաջորդ նախագիծը հանրաքւէի դրւեց 2005 թւականի նոյեմբերի 27-ին եւ ընդունւեց: Փոփոխութիւնները նշանակալի էին յատկապէս հանրապետութեան կառավարման կարգի, իշխանութիւնների բաժանման, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկիւնից: Մասնաւորապէս, սահմանադրական փոփոխութիւններով նշանակալիօրէն կրճատւեցին նախագահի լիազօրութիւնները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնւեց:

2005 թւականի բարեփոխումները հիմնական իրաւունքների երաշխաւորման եւ խորհրդարանի զարգացման ճանապարհին կարեւոր քայլ լինելով հանդերձ, չկարողացան ամբողջականօրէն լուծել մարդակենտրոն Սահմանադրութեան ստեղծման եւ հաւասարակշռւած կառավարման համակարգի հիմնախնդիրները:

Իրաւական պետութիւնում իշխանութիւնը սահմանափակւած է մարդու անմիջականօրէն գործող հիմնական իրաւունքներով, իսկ պետական իշխանական համակարգի գործունէութեան հիմքում ընկած է իշխանութիւնների բաժանման եւ հաւասարակշռման սկզբունքը:

Կենսունակ եւ ուժեղ հասարակութիւնում գերակայում են քաղաքական ազատութիւններն ու բազմակարծութիւնը, իսկ ժողովրդավարական քաղաքական համակարգն ապահովում է այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրութեան ձայնը վճռորոշ են դարձնում հանրային իշխանութիւնների գործունէութեան համար:

Վերանկախութիւնից ի վեր Հայաստանում բացակայում էր ակնկալւող ժողովրդավարութիւնը, իշխանութիւնը գերկենտրոնացած էր, չէր գործում իրաւունքի գերակայութեան սկզբունքը, դատարաններն անկախ ու անաչառ չէին եւ կառավարման արդիւնաւետ համակարգ չէր արմատաւորւել:

2015 թւականի դեկտեմբերի 6-ին, հանրաքւէի արդիւնքում ընդունւեց բարեփոխւած սահմանադրութիւնը, որի միջոցով Հայաստանն անցաւ խորհրդարանական կառավարման համակարգի՝ առաւել ընդլայնելով Ազգային ժողովի դերը: Այս համակարգը ոչ միայն ուժեղացնելու է ընդդիմութեան դիրքերը, այլեւ իշխանութեանն ստիպելու է հաշւետու եւ պատասխանատու լինել սեփական վարքագծի համար:

Վերանկախացումից ցայսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հաւատարիմ մնալով իր սկզբունքներին՝ դերակատարութիւն է ունեցել Հայաստանի քաղաքական կեանքում եւ իր բոլոր ուժերով լծւել հայրենիքի պետականութեան հզօրացման ուղղութեամբ տարւող աշխատանքների: Կուսակցութիւնը մաս կազմելով կառավարութեանը կամ լինելով ընդիմութեան շարքերում, ջանք չի խնայել երկրի զարգացման, ժողովրդավարութեան հաստատման եւ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւման ուղղութեամբ, եւ երկրի կառավարման ձեւի կապակցութեամբ սրա վառ ապացոյցը կարելի է համարել Դաշնակցութեան աւելի քան 25 տարիների մղած պայքարը, ինչը 2015 թւականին ամրագրւեց սահմանադրութեան փոփոխութեամբ: Հայաստանի Հանրապետութեան բարեփոխւած սահմանադրութիւնն առաւել լայն հնարաւորութիւններ է ընձեռում ժողովրդավարութեան եւ երկրի համակողմանի զարգացման ուղղութեամբ:

Անցնող շաբաթներում Հայաստանում ականատեսը եղանք ժողովրդական մի շարժման, որը եզրայանգեց երկրում փոփոխութիւների կիրառմամբ: Այս երեւոյթն անկասկած արգասիքն է Սահմանադրութեան բարեփոխումների, որի շնորհիւ հնարաւորութիւն է ստեղծւել իշխանութիւններին զսպել եւ ստիպել հաշւետու լինելու սեփական վարքագծի եւ գործունէութեան համար:

Այսօր Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի առաջնորդներ՝ կրթւած, արժանապատիւ մղումներով եւ տեսլականով, ովքեր կարող են օրէնքները գործադրել ի նպաստ ժողովրդավարութեան, ինչը հարկաւոր է երկրի զարգացման, բարգաւաճման եւ անվտանգութեան համար:

Մենք պարտաւոր ենք մեր ապագայ քայլերն ու գործողութիւնները կատարել՝ անցեալից դասեր վերցնելով: 100-ամեակը պատեհ առիթ է մեզ համար, որպէսզի օրինակելով հայրենիքի անկախութեան եւ հզօրացման ճանապարհին զոհողութիւնների գնացած այրերի ու ղեկավարների կերպարը, ստեղծել նոր երկիր, նոր Հայաստան՝ ձերբազատւելով անցեալի բացասական երեւոյթներից:

Դաշնակցութիւնը միշտ եղել է ժողովրդի կողքին եւ իր բոլոր ուժերով ծառայել Հայաստանին ու Հայ ժողովրդին: Հաւատքով սահմանադրական փոփոխութիւնների գնացած այս կուսակցութիւնը, անկախ այն հանգամանքից, թէ ինչ են ասելու իր մասին եւ ով է լինելու երկրի ղեկավար դիրքում գտնւող անձը, իր ուսերին վերցնելով պատասխանատւութեան ծանր լուծը, պէտք է իր բոլոր ուժերով շարունակի երկրում բարեփոխումների ընթացքը եւ ջանք չխնայի Հայաստանը հզօր, ժողովրդավար ու զարգացած երկիր դարձնելու նպատակը կենսագործելու համար՝ փակելով յետդարձի հաւանական բոլոր ուղիները:

Վահէ Թորոսեան
Մայիս 2018 թ.
Նոր Ջուղա