կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-19 19:40
Արցախ

Ամփոփվել են զորավարժությունների արդյունքները

Ամփոփվել են զորավարժությունների արդյունքները

Մայիս 19-ին Հադրութի մշակույթի տանը ամփոփվեցին մայիսի 14-ից 19-ը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: 
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:

Առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման եւ ենթակա զորամասերի ներգրավվածությամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը» : Մարտական հրաձգությամբ զորավարժությունն անցկացվեց երեք փուլով՝ ընդգրկելով նաեւ մարտավարական եւ բանակային ավիացիա: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունեց ներկաներին, շնորհավորեց զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դեռեւս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր եւ նոր կառավարության տեսլականը:
Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձավ զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին եւ նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից:

Այնուհետեւ համապարփակ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Նա նշեց, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր այնպիսի օպերատիվ-մարտավարական իրադրություն, որը համապատասխանում է տարածաշրջանային հավանական զարգացումներին եւ զորքերի մարտական խնդիրներին: Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծեց առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարեւորեց գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաեւ ՝ անձնակազմի անծանոթ տեղանքում եւ իրադրությունում արագ կողմնորոշվելու ունակությունը:

Գեներալ-մայորը վեր հանեց նաեւ նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում: Արդյունքների ամփոփման ավարտին մի շարք զինծառայողներ արժանացան պատվոգրերի եւ նվերների: