կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 11:45
Քաղաքական

Դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու, նենց մի արեք, որ մարդը ներվերից կտրվի. Սամվել Բալասանյան

Դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու, նենց մի արեք, որ մարդը ներվերից կտրվի. Սամվել Բալասանյան

Հետաքրքիր իրադարձություններ են զարգացել Գյումրիի քաղաքապետարանում: Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ անվստահություն են հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրանց է միացել նաև ավագանու ԲՀԿ խմբակցությունից` 2 և ՕԵԿ-ից` մեկ անդամ:

Այժմ «Բալասանյան» դաշինքի թեկնածուն Տիգրան Հովհաննիսյանն է, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ է:

Ուշագրավ էր թեկնածուի ելույթը: Նա նշեց, որ թիմային քննարկումների արդյունքում որոշեցին քաղաքապետին անվստահություն հայտնել: «Ուզում եմ անդրադառնալ ինձ վարկաբեկելու փորձ անողներին. կարող եմ ասել, որ իմ փոխարեն կարող էր լինել մեր թիմից ցանկացած մեկը: Ես բոլոր գործընկերներին, անկախ կուսակցության պատկանելությունից, կոռեկտության կոչ եմ անում: Որպես «Բալասանյան» դաշինքի անդամ` վստահ եմ, որ ճիշտ քայլ եմ կատարել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ կողմ է, որպեսզի Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին, նաև նշեց, որ չի պատասխանի ավագանու անդամների հարցերին, և որ դա իր իրավունքն է:  

Չնայած հայտարարությանը, որ չի պատասխանի հարցերի, ավագանու անդամները հարցեր ուղղեցին նրան: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշում էին, որ Բալասանյանի հորդորով են անվստահություն հայտնում նրան: Ավագանու անդամները գրեթե միակարծիք էին, որ որոշել են մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին, որովհետև ՏԻՄ օրենքով նախատեսված է, որ եթե մեկ անգամ անվստահություն ես հայտնում և մերժվում, ապա մեկ տարի այլևս չես կարող դա անել:  

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին ունի 33 անդամ, որոնցից 17–ը` «Բալասանյան» դաշինքից, ներառյալ` քաղաքապետը, 8–ը ներկայացնում են ԲՀԿ–ն, 4–ը` ՕԵԿ-ը, 4–ը «Գալա»–ի ներկայացուցիչներ են։ Ըստ օրենքի` եթե ավագանու 1/3–րդը դեմ է քվեարկում, ապա քաղաքապետը հրաժարական է տալիս։

Ավագանու անդամների մեղադրանքներից հետո ելույթ ունեցավ քաղաքապետ Բալասանյանը: Նա նշեց, որ եթե չունի հանրային աջակցություն, ուրեմն իրավունք չունի աշխատելու: Բալասանյանը հայտարարեց, որ կառչած չէ քաղաքապետի պաշտոնից: «2012 թվին ինձ ուղղորդեցին, որ պետք է լինեմ Գյումրիի քաղաքապետ: Չի եղել դեպք, որ գումար բաժանեմ, ձայն գնեմ: Ես իմ ամբողջ կյանքում լավություն եմ արել իմ ընտրողին, արել եմ, անելու եմ ամեն ինչ, և կապ չունի` քաղաքապետ եմ, թե` ոչ»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ հրաժարական չի կարող տալ, նման օրենք չկա: «Մենք ունենք 68-րդ հոդվածը, և միակ ճանապարհը, որ կա, մեր վստահության քվեն ամրագրելն է, և մենք գնացինք այդ քայլին, ինչը ես ողջունում եմ: Սա կրկես չէ, սա քաղաքականություն է»,- ասաց նա և հավելեց, որ մյուս ուժերն էլ պետք է առաջադրեին թեկնածու, որ մրցակցություն լիներ:

Ակնհայտ էր, որ Բալասանյանը նեղսրտել է քննադատություններից:  «Ինչի՞ եք քննադատում, կարելի՞ է երեք օր շարունակ տալ Բալասանյան անունը: Միայն մեկի նորմալ քննադատություն է եղել` Լևոն Բարսեղյանի կողմից: Միայն մենք 1.8 մլրդ փող ենք տալիս բյուջեին, ինչի՞ եք քննադատում, ես էդքան վա՞տ մարդ եմ, որ իմ անունն եք տալիս: Ծառայողական մեքենա չունեմ, բենզին չեմ օգտագործում, միայն 8 մլն դրամաշնորհ իմ շնորհիվ մտավ քաղաք: Կարելի՞ է  նման ձևով խոսել, վարկաբեկել: Ես Գյումրին շատ եմ սիրում, էսօր ամրոց եմ սարքել ձեզ համար, ինչի՞ եք քննադատում, ո՞ւմ եք գտնելու: Գողությո՞ւն ենք անում, կաշառք կա՞: Էս քաղաքում վերացել է կաշառքը, որևէ մեկը կաշառք վերցնո՞ւմ է, կրիմինալը հանեցինք քաղաքից, նրանց փակեցինք ծակերը, հետո նորից բաց թողեցին, ինչի՞: Անիրավ տեղը մի' քննադատեք, օբյեկտիվ եղեք, վատ բան կա, ցույց տվեք, ուղղենք: Դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու, նենց մի' արեք որ մարդը ներվերից կտրվի: Ինձ որ կանչեն, ասեն հրաժարական տուր, ուրախ կլինեմ, բայց կափսոսամ ծրագրերս. ո՞վ է արել 40 կմ ասֆալտ քաղաքում, «Թումո» կենտրոնն է սարքվում: Ինչի՞ եք քննադատում 4 օր: Ոտը ոտին քցելով` մի' մեղադրեք: Եթե շատ ցանկություն ունեք, ես հրաժարական կտամ, բայց բերեք մի հատ նորմալ թեկնածու, որ կաշառք չի ուտի: Ինչի՞ եք մարդու հունից հանում»,- ասաց նա:

Բալասանյանը սկսեց թվարկել մի շարք բարեփոխումներ, որ իր շնորհիվ իրականացվել են քաղաքում, և նշեց. «Գյումրին առանց տնակների» ծրագիր ենք ստեղծել, 10 տարի ա իմ աշխատավարձը տալիս եմ այդ ծրագրին, ո՞վ է մի քոռ կոպեկ տվել: Երիտասարդ, ազնիվ մարդ բերեք, չգա, բյուջեին ձեռ տա, բյուջե եմ սարքել: Մենակ մի' քննադատեք, ասեք թերություն կա, գնամ նոր կառավարությանը խնդրեմ, ասեմ` նոր բնակարաններ տան մեզ: Շենք եմ գնել, որ բնակարան սարքեմ, ո՞վ է արել: Հելել եք փողոցները, ո՞ւմ եք ուզում հետ բերել»: