կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 22:00
Իրավական

Կեղծել է ավտոմեքենայի համարանիշը՝ տուգանքներից խուսափելու համար

Կեղծել է ավտոմեքենայի համարանիշը՝ տուգանքներից խուսափելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի համարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երեւանի բնակիչ Ա.Խաչատրյանը, չունենալով մշտական աշխատանք, 2015 թվականի մարտի կեսերից վարել է ուրիշի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան՝ որպես տաքսի: Նա ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար բազմիցս տուգանվել է, սակայն վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքները չվճարելու համար կեղծել է ավտոմեքենայի պետհամարանիշը՝ «C» տառը՝ փոխելով «O» տառի:

 

ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչները 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, Աբովյան փողոցի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ նկատել են Ա.Խաչատրյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի  ավտոմեքենայի փաստաթղթերն ստուգելիս նկատել են, որ ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծված է:

 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: