Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր շատ կարևոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլև դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ եւ Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ այդ մի քանի խոսքով անդրադառնամ ներքաղաքական իրավիճակին»,- ասաց նա, ապա շարունակեց. «Այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում նոր իրողություններ են և նոր իրավիճակ: Չեմ ժխտում: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն և հասարակությունը «մերոնքների» ու «ձերոնքների» չբաժանելու գործելաոճ: Անկախ նրանից` Դուք դա ընդունում եք, թե` ոչ, դա այդպես է: Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկիս կդնի իր տեղը: Մենք չենք գնացել մերժողական ճանապարհով, պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք` վերջնագրերի: Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան: Դեմոկրատիան մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, և մենք` բոլորս, պարտավոր ենք հարգել բազմակարծությունը, և ինձ համար անընդունելի է որևէ ճնշման միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի ազատ կամաարտահայտության վրա: Պրեսինգն անթույլատրելի է:
Այստեղ բոլորս հանրության ընտրյալներն ենք ու մեր խղճի մտոք կընտրենք վարչապետին` կողմ կամ դեմ քվեարկությամբ:
Վարչապետի մասով. այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախեւառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ եւ քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: Կանխատեսելի` նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ: Ո՞վ է լինելու Ձեր ընտրվելու պարագայում առաջին փոխվարչապետը, մյուսները, ԱԱԾ պետը, նախարարները, ո՞վ, պատասխան չկա...
Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք իշխանություններից` դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, Դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ:
Արցախյան հիմնահարցում Դուք որևէ հայեցակարգ չեք ներկայացնում՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը, այդ 7 շրջաններն ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված, Դուք բացառո՞ւմ եք դրանց հանձնումը, թե՞ ոչ, և առհասարակ` որևէ բանակցություն դրա վերաբերյալ, ինչպե՞ս եք բանակցելու, և այլն: Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս: Ես այդ հարցի պատասխանը չստացա:
Գաղափարախոսության պահով. անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ պահպանողական, մի քիչ լիբերալ: Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: Այդպես է քաղաքակիրթ աշխարհում՝ Վաշինգտոնից մինչև Բեռլին ու Մոսկվա: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր հայրենիքում առկա խնդիրներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա ու անարդարություն, և, անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե անորոշության, այլ քաղաքական երկխոսության միջոցով լուծենք այդ խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով:
Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, և այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք: Պարո'ն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, Դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում Ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա խոսքս ուզում եմ ավարտել նույն խոսքերով` եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական, ազգային ու ժողովրդավարական Հայաստան: Աստված պահպանի մեր հայ ժողովրդին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Շնորհակալություն ուշադրության համար»,- եզրափակեց Շարմազանովը: