կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 13:52
Քաղաքական

Ապավինում ենք ՀՅԴ-ի օժանդակությանը` ներգաղթի կազմակերպման հարցում կարող եք նպաստել. Սերժ Սարգսյանը` Արմենուհի Կյուրեղյանին

Ապավինում ենք ՀՅԴ-ի օժանդակությանը` ներգաղթի կազմակերպման հարցում կարող եք նպաստել. Սերժ Սարգսյանը` Արմենուհի Կյուրեղյանին

ԱԺ հատուկ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ասաց, որ նա բարձրացրել է ժողովրդագրական միտումների խնդիրները, նշել, որ 2040 թվականին Հայաստանը կունենա 4 մլն բնակիչ:

«Դա ենթադրում է ծնելիության մակարդակի աճ, մահացության մակարդակի նվազեցում, արտագաղթի մեղմում և ամենակարևորը` ներգաղթ դեպի Հայաստան: Բայց նման արդյունքներ արձանագրել մեր այսօրվա տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության պարագայում, մասնավորապես` կրթության և գիտության ոլորտին հատկացվող գումարների ամենամյա նվազեցում, առողջապահության ոլորտի դիտարկում` որպես բիզնես ոլորտ, հնարավորություն չի լինելու իրագործել: Չե՞ք մտածում, որ վաղուց ժամանակն է մշակել ու հաստատել ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ»,- հարցրեց պատգամավորը:

Սարգսյանը պատասխանեց, որ արդեն ձեռնամուխ են եղել այդպիսի ծրագրի իրականացմանը: «Նոր կառավարությունում համապատասխան ստորաբաժանում ենք ստեղծել, որպեսզի ամենօրյա ռեժիմով զբաղվի այդ խնդրով: Մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք Հայաստանի զարգացման ռազմավարությունը մինչև 2030 թվական, որում դրույթներ կլինեն մինչև 2040 թվականը մեր անցնելիք ճանապարհի մասին: Բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչություն ունենալը ոչ միայն հայտարարություն էր, այլև իրատեսական ծրագիր, որն անպայման իրականացնելու ենք: Այս առումով ապավինում ենք Դաշնակցության օժանդակությանը, որովհետև ներգաղթի կազմակերպման հարցում դուք կարող եք ցուցաբերել հսկայական օժանդակություն` հասկանալով հանդերձ, որ չենք կարող միլիոնավոր մարդկանց համոզել գալ Հայաստան բայց առնվազն հարյուր հազարին կարող ենք համոզել»,- ասաց վարչապետի թեկնածուն, ապա հավելեց, որ եթե հաջողվի խաղաղ ճանապարհով լուծել մեր անվտանգության պրոբլեմները, ներգաղթը կլինի շատ էական:

Սերժ Սարգսյանը չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, թե մշտապես կրճատվում են կրթության, գիտության և առողջապահության ոլորտների ֆինանսները:

«Հորիզոն 20-20»-ը միլիարդավոր եվրոներ ունի այդ նպատակին հասնելու համար: Եթե մենք գիտությունը դիտարկենք որպես սոցիալական խնդիր` գիտնականներին պահելու համար, շատ առաջ չենք գնա: Մենք ԳԱԱ-ում պետք է գնանք օպտիմալացման, ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին»,- ասաց նա: