կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-13 16:06
Հասարակություն

Քննարկվել են քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Քննարկվել են քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության  որակի ապահովման  խնդիրներն այսօր քննարկվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ժամանակ: ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով համաժողովը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները համեմատաբար վերջերս են ծավալվել, և որակի ներքին ապահովման համակարգի կայացման, որակի մշակույթի ձևավորման փուլում չափազանց կարևոր է երկխոսությունը  քոլեջների միջև: «ՈԱԱԿ նախաձեռնած համաժողովի նպատակներից մեկը հենց երկխոսությունը, մասնագիտական քննարկումները  խթանելն է»,- ասաց պարոն Թոփչյանը՝ վստահություն հայտնելով, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համաժողովը կդառնա ամենամյա:

Համաժողովի ընթացքում քննարկվեց, թե  քոլեջներն ինչ աշխատանքներ են իրականացրել որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ, որակի ապահովման համակարգի ներդրումից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես են հաղթահարել խոչընդոտները և այլն: Քոլեջների ներկայացուցիչները պատմեցին նաև իրենց լավագույն փորձի մասին, որը կարող է կիրառվել մյուս ուսումնական հաստատություններում:

Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև, թե որքանով է քոլեջների առաքելությունը համապատասխանում պետության կարիքներին, ինչպես են համագործակցում գործատուների  հետ, որքանով  են կարողանում  աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստել: Անդրադարձ կատարվեց  հարցին, թե քոլեջի շրջանավարտը որքանով է կայացած մասնագետ, որը կարող է անմիջապես աշխատաշուկա մտնել:

Ներկայացվեց  ՈԱԱԿ մշակած և փորձարկած ՄՈՒՀ-գործատու համագործակցության մոդելը, որի կիրառումը կբարելավի ուսումնական հաստատությունների և գործատուների երկխոսությունը և կնպաստի աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:

Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրն առավել ընդգրկուն կքննարկվի ապրիլի 16-17-ին կայանալիք «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով ֆորումի շրջանակներում: