Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով` վերջին 10 տարիներին իրենց ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը գրահրատարակչական գործն է, միջավայրի կայացումը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քանդված, չեզոքացված գրահրատարակչական ասպարեզը վերջին 10 տարիների ընթացքում որոշակի ընթացք ունեցավ՝ տպագրական որակի, բովանդակային իմաստով, ինչպես նաև գրողների նոր գործերով ու օտար լեզուներով ստեղծագործություններ հրատարակելով:
Բացի այդ, ՀԳՄ նախագահի կարծիքով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ գրքին ու գրահրատարակչությանը մեծ գնահատական տրվեց` 2012-ին Երևանը դարձավ Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սա, Միլիտոնյանի խոսքով, արդյունքն էր նաև իրենց աշխատանքի՝ միջազգային հարթակներում հայ գրքի ներկայացման և ցուցահանդեսներին մասնակցության:
«Այս տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրագործվել՝ երկլեզու, եռալեզու` 100-ից ավելի ալբոմներ են հրատարակվել: Սա քաղաքականություն էր, և պետք է կարողանալ շարունակել՝ պահպանելով լավ հիմքը, նոր ու կարևոր ուղղություններ ընտրել: Գրական և գրահրատարակչական կյանքը որոշակիորեն վերածվեց համակարգի, և եթե սա չպահպանենք, կվերադառնանք 1990-2000-ականների վիճակին»,- ասաց Միլիտոնյանը:
Նրա գնահատմամբ՝ գրական ոլորտում արձանագրված հաջողությունները ոչ թե կոնկրետ մեկի գործունեության շնորհիվ են, այլ թիմային աշխատանքի՝ պետություն, նախարարություն, գրողներ, գրահրատարակիչներ: «Շատ հեշտ է եղածը փոշիացնել, բայց համակարգ ստեղծելը ջանք, միտք ու քաղաքականություն է պահանջում: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին պետք է լուրջ մտածենք՝ ինչպես անել, որ մեր ունեցածը պահպանենք: Ես ավելի շատ դրանից եմ վախենում, քանի որ բացասականը շատ շուտ է դրականի տեղը գրավում»,- ասաց ՀԳՄ նախագահը: