կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 13:38
Հասարակություն

Այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում չի կարող լինել. փոխնախարար

Այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում չի կարող լինել. փոխնախարար

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ` դեղերը դեղատոմսերով գնելու վերաբերյալ թեմայով:

Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է թեմայի մասին, և խնդրահարույց հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա:

Հիմնական զեկույցով հանդես եկավ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ միայն 6-7 տարի առաջ, այլ ավելի քան 15 տարի առաջ: Ըստ Խաչատրյանի՝ նախարարությունն ամենաքիչը երկու անգամ փորձ է արել հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգն ուժեղացնել և հաստատել, սակայն որոշակի քննարկումներից հետո այդ կարգերը հետ են ուղարկվել և չեն հաստատվել:

«Ստեղծված իրավիճակում դեղատները դեղատոմսով դուրս գրվող դեղերի ազատ վաճառք էին իրականացնում՝ առանց դեղատոմսերի: Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, իր համոզմունքներով, հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիշկների համոզմամբ գնում էր դեղատուն և ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ի՞նչ կառաջարկեք։ Դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում, և ոչ ոք չէր կարող հասկանալ՝ ինչպես է ազդեցություն թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա»,- ասաց նա:

Փոխնախարարը պնդեց` իրենց կարծիքը միանշանակ է՝ այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող: «Դեղատոմսով դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն դեղատոմսով։ Շատ հաճախ մեր բժիշկները, առանց դեղատոմսի, որոշակի բլանկների գրանշումներ կատարելով, ուղղորդում էին հիվանդներին, այս երևույթի մասին տեղեկացվել ենք տարիներ շարունակ, բայց չունեինք լուծումներ և չէինք կարող վերահսկելի դարձնել այն»,- նշեց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործընթացը բաժանված է երեք փուլի՝ նախ հակաբիոտիկների դուրս գրումը միայն դեղատոմսով, ապա՝ լուծույթների, ներերակային դեղերի, հետո՝ ամբողջ կարգի գործում հոկտեմբերի 1-ից։