Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ի կողմից բացահայտված` ծառերի` մեծ ծավալներով ապօրինի հատումների գործով մեղադրյալներից միայն 4-ն են «Հայանտառ»-ի աշխատակիցներ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս գործի շրջանակներում բացահայտվեցին այն խնդիրները, որոնք առկա էին ոլորտում: Անտառապահների կողմից թույլ վերահսկողությունը գլխավոր անտառապետը բացատրեց անտառապահների ցածր աշխատավարձով և նրանց թույլ լիազորություններով:
«Եթե անատառապահը ստանում է 70.000 դրամ աշխատավարձ, չունի տրանսպորտային միջոց և այլ պայմաններ, այլ ունի միայն պարտականություններ, ինչպե՞ս պետք է կարողանա իրեն կցված 1500 հեկտար տարածքի պահպանությունը հոգալ»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ոլորտում արվող բարեփոխումների արդյունքում հնարավոր է վերահսկել իրավիճակը:
Նրա խոսքով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոմիտե դարձնելու փոփոխությունից հետո անտառների օգտագործումը տարանջատվելու է պահպանությունից: «Եթե նախկինում անտառապահը որպես պահակ էր հանդես գալիս, այժմ նրանք ռենջերներ են լինելու, մարդիկ, ովքեր զինված հատուկ ծառայություններ են իրականացնելու, իրավունք են ունենալու խախտում հայտնաբերելու դեպքում տեղում խլելու ապօրինի հատված փայտը և այլն»,- ասաց Պետրոսյանը:
Գլխավոր անտառապետը նշեց, որ ապօրինի անտառահատումները կասեցնելու համար պետք է ավելացնել օրինական հատումների թիվը, այսինքն` անտառահատումները ստվերից պետք է բերել օրինական դաշտ. այն տարածքներում, որտեղ թույլատրվում է փայտանյութ ձեռք բերել, մրցութային կարգով հատումներ կիրականացվեն:
Պետրոսյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ չպետք է հույսը դնել միայն վառելանյութի վրա: «Անտառը չի կարող լուծել Հայաստանի էներգետիկ խնդիրները, պետք է օգտվել արևային էներգիայի հնարավորություններից»,- նշեց նա:
Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից բացահայտված` ապօրինի ծառահատումների վերաբերյալ գործին, ասաց, որ նախկինում էլ են նմանատիպ քրեական գործեր հարուցվել, սակայն այս մասշտաբի չեն եղել: Նրա խոսքով՝ խնդիր է դրված ՝ հասկանալ և վերհանել անտառներում առկա խնդիրները: Սարգսյանը տեղեկացրեց, որ «Դիլիջան ազգային պարկ»-ում 2017թ. նոյեմբերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 16.000 ծառ: Անտառների ընդհանուր ստուգումների արդյունքում անտառներին հասցված վնասը 3 մլրդ դրամից ավելի է եղել: