Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով հարցով հիմնական զեկուցող` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, ասաց, որ գործող կարգավորումը շատ ավելի օբյեկտիվ է, քան այն, ինչ առաջարկում է նա: «Ձեր առաջարկի հիմքում ընկած է այն, որ վարչական մարմինն առավել շատ դեպքերում շատ պարզ բացատրություններով կարող է դատարանին թույլ չտալ, իր համաձայնությունը չտալ, և դրանով իսկ տեսանկարահանումը չիրականացվի: Իսկ նախկին կարգավորման դեպքում հրապարակայնությունն ու անաչառությունն առավել պաշտպանված էին»,- ասաց նա:
Անդրադառնալով հիմնավորմանը` Բագրատյանը նշեց. «Դուք հիմնավորում եք այն պարզ պատճառաբանութամբ, որ կողմնակալություն կդիտվի տեսանկարահանելը կամ լուսանկարելը դատական նիստում: Որևէ կողմնակալություն չի կարող ենթադրել, որովհետև այդ գործընթացն ինքնանաչառ գործընթաց է»:
Նա կարծիք հայտնեց, որ այս կարգավորումով փորձ է արվում հրապարակայնության իրավունքը խախտել, ապա հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է հիմնական զեկուցողի կարծիքն իր դիտարկումների վերաբերյալ:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր մոտեցումն արատացոլված է այն նախագծում, որը ներկայացնում է, հետևաբար` պատգամավորի հետ ունի սկզբունքային անհամաձայնություն: Համաձայնելով Բագրատյանի այն տեսակետին, որ տեսանկարահանումն ու լուսանկարահանումն ինքին անկողմնակալ գործընթացներ են, նա նշեց, որ սակայն դրա թույլտվությունը կարող է խնդիր առաջացնել:
«Մասնավորապես` եթե լրագրողը գնում է, ասում` հարգելի' Պողոս Պետրոսյան, թույլ տվեք դատարանին` իմ անունից միջնորդել, որպեսզի ես տեսալուսանկարահանեմ, վարչական մարմինն էլ ասում է` չեմ ուզում, ապա լինում է այն, ինչ դուք հենց նոր ասում էիք` տեսանկարահանում չի լինում»,- բացատրեց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ինքն այն անձանցից չէ, ովքեր փոփոխություն են ներկայացնում փոփոխություն ներկայացնելու համար, և որ եղել է լրագրողական համայնքի կողմից դիմում: «Եթե չլիներ լրագրողական համայնքի մտահոգությունը, եթե չլիներ խնդիրը, այս նախագիծը չէր ներկայացվի խորհրդարանին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Բագրատյանն էլ հակադարձեց, որ նրա ասածի տրամաբանությունն այն է, թե լրագրողը դիմել է նրան, որ ցանկանում է երկու կողմի համաձայնություն լինի, որ ինքը լուսաբանի՞: «Չեմ կարծում, որ նման դիմում ունեք, կարծում եմ, որ ինչ կառավարության նիստերն եք որոշել դռնփակ անել, որոշել եք էս դատական նիստերն էլ եք դռնփակ անել»,- ասաց նա:
Հովհաննիսյանին դուր չեկան Բագրատյանի դիտարկումները: «Ես կարծում եմ, որևէ մեկը Ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնելու իմ խոսքերը և ասելու, որ ես չունեմ նման դիմում: Կառավարության նիստերի դռնփակ լինելու համար այս դահլիճում դեռ քննարկում կծավալվի, բայց դա որևէ կերպ չի վերաբերում այն կարգավորմանը, որը առաջարկում եմ, և եթե գործող օրենքը ավելի լավն է, Դուք կքվեարկեք այս օրենքին դեմ»,- եզրափակեց նա: