կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-05 16:33
Հասարակություն

Դատապարտյալների ներման հարցը` վարչապետի լիազորությունների թվում

Դատապարտյալների ներման հարցը` վարչապետի լիազորությունների թվում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ներման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց, որ այսուհետ ներման հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով: Նշենք, որ  այս պահին դրանք կարգավորվում են նախագահի հրամանագրով:

«Միայն դատապարտյալը օրենքի ուժով կկարողանա ներման խնդրագիր ներկայացնել: Դատապարտյալի ներման ինստիտուտ է ամրագրվել ներման միջնորդությունը: Դատապարտյալը պետք է հիմնավորի, թե ինչու իրեն պետք է ներեն»,- ասաց փոխնախարարը:

Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ դատապարտյալի ներման խնդրագիրը:

Նշենք, որ  նախագծով գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով, իսկ ներման խնդրագրերն անցնելու են վարչապետի ձեռքի տակով։

Ներման խնդրագրի քննարկումը կատարվում է  հետևյալ կերպ`  ներման խնդրագրի քննարկման նպատակով արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին: Անձնական գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու:

Նույն նախագծով, հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը, բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել` առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

Նշենք նաև, որ հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առարկություններ ներկայացրեց նախագծի վերաբերյալ, մասնավորապես հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ որ վարչապետն է  միջնորդող անձը, որ նախագահը ներում շնորհի:

«Սա նախագահից այս իրավունքը վերցնելու նախագիծ է: Նախագահը պետք է քննարկի և անձամբ ներում շնորհի դատապարտյալին, այլ ոչ թե վարչապետը քննարկի և առաջարկի: Ինչպե՞ս է ստացվել, որ նոր լիազորություն եք տալիս վարչապետին` վերցնելով այն նախագահից: Սահմանադրության 139 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախագահին է պատկանում այդ իրավունքը»,- ասաց պատգամավորը:

Քրմոյանը պատասխանեց, որ  նախագիծը մշակելիս գործել են բացառապես սահմանադրական նորմերով: «135-րդ հոդվածում ամրագրված է նաև ներման մեխանիզմը։ Դրա համաձայն` հանրապետության վարչապետը ներկայացնում է առաջարկություն ՀՀ նախագահին։ Եթե ուզենանք էլ, չենք կարող փոխել այս մեխանիզմը։ Ներման դեպքում պետք է որևէ սուբյեկտ ներկայացնի առաջարկություն»,- ասաց նա:

Մարուքյանը հակադարձեց, որ Սահմանադրության այդ հոդվածին ինքն էլ է ծանոթ: «Պարտադիր չէ` առաջարկություն ներկայացնողը լինի վարչապետը, օրինակ` Հանրային խորհրդի նախագահը ևս կարող է առաջարկություն ներկայացնել։ Երբ հայեցակարգը ներակայացվում էր, խոսում էին, որ նախագահն ունի ներում շնորհելու իրավունք, այսինքն` այս իրավունքը ավտոմատացված է»,- ասաց նա: