կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 19:47
Տնտեսական

Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է. կառավարությանը նոր նախագիծ է ներկայացվել

Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է. կառավարությանը նոր նախագիծ է ներկայացվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ: Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։ 

Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի և մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային և գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման կարևորությունը։

Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետևյալ ռազմավարական հեռանկարները՝ 
• 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում)
• 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
• 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում)
Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկումների, ինչպես նաև շրջանառվել է հանրապետական գործադիր մարմինների միջև։ Հանրային քննարկումների ընթացքում և Հանրապետական կառավարական մարմինների կողմից կատարված նկատառումներն ու դիտարկումներն ամփոփման փուլում են: 

Փաստաթղթի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Իրականացվել է բարդ և կարևոր աշխատանք: Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է՝ կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու առումով»,- ասել է վարչապետ Կարապետյանը: