կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 14:52
Քաղաքական

Ֆուտբոլի կոմերցիալիզացիան ահռելի ֆինանսական անդունդ է ստեղծում մեծ և փոքր ակումբների միջև. Արփինե Հովհաննիսյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

Ֆուտբոլի կոմերցիալիզացիան ահռելի ֆինանսական անդունդ է ստեղծում մեծ և փոքր ակումբների միջև. Արփինե Հովհաննիսյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
Սպորտի ոլորտում խնդիրների թեմայով ` ԵԺԿ խմբի անունից.

Հարգելի գործընկերներ,

Նախ թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել զեկուցողին շատ հետաքրքիր զեկույցի և առաջարկների համար։

Թեման իսկապես արդիական է։ Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆուտբոլում շրջանառվող ֆինանսական միջոցների չափը յուրաքանչյուր տարի աճում է` շնորհիվ ֆուտբոլի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության: Ավելին, հսկայական ֆինանսական միջոցների տիրապետող նոր գործարարներն ու կազմակերպությունները ներդրումներ են կատարում համաշխարհային ֆուտբոլում՝ նպատակ ունենալով մեծացնել սեփական եկամուտները իրենց համար նոր շուկայում:

Անկասկած, ներկայումս ֆուտբոլն ավելին է, քան խաղ և ժամանցի կազմակերպման տարբերակ, այն հեռանկարային գործարարական ուղղություն է, ինչի մասին են վկայում հեռարձակումների ծավալների մեծացումը (արդյունքում մեծանում են հեռարձակումների լիցենզիաների վաճառքից մարզական ֆեդերացիաների, լիգաների և ակումբների եկամուտները), տարբեր մարզական միջոցառումներին մասնակցության և մրցակցության աճը ակումբների, հատկապես մեծ ակումբների միջև, ակումբների մարզաշապիկների և խորհրդանիշների վաճառքի ծավալների աճը: Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Համաշխարհային ֆուտբոլի կոմերցիալիզացումը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ տրանսֆերային շուկայի և ֆուտբոլային աստղերի տրանսֆերային արժեքների վրա:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ որևէ բացասական երևույթ չկա նրանում, որ համաշխարհային տնտեսության մեջ ձևավորվել և զարգանում է նոր բիզնես ուղղություն:

Սակայն ֆուտբոլի կոմերցիալիզացիան ահռելի ֆինանսական անդունդ է ստեղծում մեծ և փոքր ակումբների միջև: Բավական է նշել միայն, որ մեծ ակումբը կարող է իրեն թույլ տալ 100 և ավելի մլն եվրո վճարել ընդամենը 1 ֆուտբոլիստի ձեռքբերման համար այն դեպքում, երբ փոքր ակումբները թիմի կազմն ամբողջ տարվա կտրվածքով թարմացնելու համար չեն կարող նախատեսել անգամ մեծ ակումբների տրանսֆերտային բյուջեի 5տոկոսը: Բնականաբար, փոքր գումարներով հնարավոր չէ ձեռք բերել հանրաճանաչ ֆուտբոլիստների, և փոքր ակումբները ստիպված են բավարարվել միջին մակարդակի կազմերով: Մինչև վերջերս փոքր ակումբները հնարավորություն ունեին օգտվելու տարբեր կառուցակարգերից, ինչպիսիք են ֆուտբոլիստների նկատմամբ համատեղ իրավունքները, խաղացողների վարձակալությունը, մեծ ակումբների երիտասարդական թիմերի խաղացողների ներգրավումը հիմնական թիմ և այլն։ Այս միջոցները ոչ միայն օգտակար են փոքր ակումբների համար, այլ նպաստում են ֆուտբոլիստների զբաղվածության ապահովմանը, քանի որ վերջիններս հնարավորություն են ստանում խաղալ փոքր ակումբներում և ավելի հմտանալ, ինչը հանգեցնում է նրանց տրանսֆերտային արժեքի բարձրացմանը։ Արդյունքում այս խաղացողները կարողանում են խաղալ մեծ ակումբներում, իսկ փոքր ակումբները շարունակում են իրենց գործունեությունը։

Այդուհանդերձ, վերոհիշյալ իտալական մոդելը չեղարկվել է, որը բացասաբար է անդրադարձել փոքր ակումբների վրա։ Մյուս բացասական ազդեցությունը փոքր և միջին ակումբների համար ֆինանսական FAIR PLAY –ի նոր կանոնակարգի ընդունումն էր։

Պետք է նկատի ունենալ, որ ֆուտբոլային բիզնեսն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում դեռևս 1880-90-ական թվականներից և այս ընթացքում ոլորտի թափանցիկության ապահովման ուղղությամբ ձեռնարկված ոչ բոլոր միջոցներն են հաշվի առել փոքր և մեծ ակումբների, բարձրակարգ և ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների միջև առկա տարբերությունները և նրանց հնարավորությունների հավասարակշռման տարբերակները:

Հետևաբար, ընդհանուր առմամբ ողջունելով զեկույցում արծարծված առաջարկությունները` առաջարկում եմ ուշադրություն դարձնել տրանսֆերտային համակարգին` այն դարձնելով առավել թափանցիկ և հաշվի առնելով փոքր ակումբների և ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների շահերը։ Այլ կերպ` եթե մենք սահմանափակում ենք որոշ հնարավորություններ, մենք պետք է մտածենք փոքր ակումբներին այլընտրանքներ առաջարկելու մասին։ Հակառակ պարագայում մենք կունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեծ ակումբները մոնոպոլիզացնում են շուկան` դուրս մղելով փոքր ակումբներին մրցակցությունից, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա նոր և միջին խաղամակարդակ ունեցող խաղացողների վրա` զրկելով վերջիններիս աշխատանքից։