Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 9-ին Գյումրում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը:
Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին մարզպետը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիներ, յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ է դառնում, համազգեստ է հագնում, որ պաշտպանի իր հայրենիքը:
Հայրենիքը վերացական հասկացություն չէ, այն առաջին հերթին ծնողներն են ու հարազատները, հայրենակիցներն են, ովքեր իրենց հույսը դնում են ձեզ վրա, որ ձեր հզոր թիկունքի հետևում կարողանան ապրել ու կառուցել մեր երկիրը: Ձեզ վրա մեծ առաքելություն է դրված, դուք մեր խաղաղ կյանքի երաշխավորներն եք, մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»:
Ի դեպ այս զորակոչն առանձնահատուկ է Պաշտպանության նախարարության կողմից նոր` «Ես եմ» ծրագրի ներդրմամբ: Ծրագրով նորակոչիկին ծառայության նոր մոդել է առաջարկվում` ժամկետային-պայմանագրային, որը տևելու է 3 տարի:
Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու զինկոմ Գագիկ Խաչատրյանը նոր ծրագրով հետաքրքրվողներ ու դրանում ընդգրկվելու ցանկություն հայտնողներ արդեն կան Գյումրիում, իսկ ընդհանուր առմամբ Շիրակի մարզում զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են առանց խնդիրների, իսկ զորակոչն ընթանում է բնականոն հունով:
Բարեմաղթանքների խոսքեր հղելուց հետո նորակոչիկներին ողջունեցին Գյումրու Ժողովրդական նվագարանների համույթի երգիչները: