Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամանորը նշելու ձևը, տոնին հատուկ սովորույթներից շատերն արդեն մոռացվել են:
Yerkir.am-ի հետ զրույցում նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ նախկինում, օրինակ, տոնական սեղանին մինչև հունվարի 6-ը միայն բուսական սնունդ է եղել, քանի որ մարդիկ պաս էին պահում մինչև հունվարի 6-ը: Մսեղեն, ըստ Ագուլեցու, միայն հունվարի 6-ից հետո է մատուցվել: «Մինչ հունվարի 6-ը հյուրերին հիմնականում ընդեղեն է մատուցվել, ինչպես նաև չորթանով ճաշ, ձավարով ճաշեր, պասուց տոլմա, քաղցրավենիք: Հիմա մարդիկ ուշադրություն են դարձնում տոնական սեղանի ճոխությանը, ինչը ճիշտ մոտեցում չէ: Փոխվել է ինչպես Ամանորը դիմավորելու, այնպես էլ այն նշելու ձևը. մարդիկ բովանդակությունը մոռացել են: Սակայն ոչ մեկին չեմ կարող ասել՝ սխալ եք, յուրաքանչյուրը նշում է այնպես, ինչպես իրեն է հարմար»,- ասաց Լուսիկ Ագուլեցին:
Ամանորի ծիսակարգը, ըստ նրա, այնքանով է հետաքրքիր, որ ամբողջ ընտանիքն իրար գլխի է հավաքվում: Ամանորի գիշերվա խորհրդանիշներից է նուռը, որը կեսգիշերին օրհնում էին: Այն նույնպես միասնականության, հավաքականության երկու սեռերի միավորման խորհրդանիշ է: «Ինչ վերաբերում է Ամանոր բառին, ապա այն հենց այնպես չէ ընտրված. ըստ Ագաթանգեղոսի՝ Ամանորը եղել է կին, որին սիրում էր Վանատուրը: Վանատուրն իր սերը խոստովանել է Ամանորին` նրան կարմիր խնձոր նվիրելով: Դրա համար էլ նախկինում ընդունված էր, որ աղջկա տուն կարմիր խնձոր տանեին հենց Ամանորի օրը»,- ասաց Ագուլեցին:
Նրա խոսքով՝ օտար սովորույթների՝ մեր միջավայր մտնելը մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ մենք մեր իսկ ավանդույթները չգիտենք, չենք կարողանում դրանք պահպանել: