կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-11 13:33
Մշակույթ

Գիրքն ուժեղ, պայքարող մարդու մասին է. «Աննա Ֆրանկի օրագիրը»` հայերենով

Գիրքն ուժեղ, պայքարող մարդու մասին է. «Աննա Ֆրանկի օրագիրը»` հայերենով

Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկը՝ «Աննա Ֆրանկի  օրագիրը», հայերեն է թարգմանվել: Գիրքը տպագրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։

Օրագիրը գրված է 20-րդ դարի  քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից:  Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: 

Գրքի թարգմանիչը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գիրքը թարգմանելու առաջարկը բավականին պատասխանատու էր իր համար, քանի որ գործ ուներ մի ստեղծագործության հետ, որը ոչ միայն գեղարվեստական, այլ նաև փաստական արժեք ունի:

«Սա գրքի վերամշակված տարբերակն է, իսկ նախորդ գրքից դուրս էին մնացել մասեր, որոնք վերաբերում էին Աննա Ֆրանկի անձնական կյանքին, ինչպես նաև` նրա մոր մասին որոշ բացասական տվյալներ, ինչը գուցե այդ շրջանի գրաքննության արդյունք էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գործ կարևոր է իր ասելիքով, իսկ «Աննա Ֆրանկի օրագիրը» բավականին մեծ ասելիք ունի: Այն ընթերցողին սովորեցնում է, որ յուրաքանչյուր իրավիճակում հնարավոր է ուժեղ լինել: Գիրքն ուժեղ, պայքարող մարդու մասին է»,-ասաց Համբարյանը:

Նա նշեց նաև, որ գիրքը թարգմանելիս ոճական դժվարություններ է ունեցել, քանի որ գործ ուներ 13-ամյա մի աղջկա հետ: «Պետք էր այնպես անել, որ կարդացողի մոտ տպավորություն չստեղծվի, որ խոսքը հասուն մարդու մասին է: Պետք է կարողանայի լավ միջնորդ լինել գրողը և հեղինակի միջև»,- նշեց թարգմանիչը:

«Էդիթ Պրինտ» ընկերության տնօրեն Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝  շատ կարևոր գործ են անում բոլոր հրատարակչությունները՝ թարգմանություններին զարկ տալով: Ըստ նրա՝ հայերենով գրքերը, որոնք թարգմանվել են ռուսերենից, շատ թերություններ ունեն, կիսատ-պռատ են և թարգմանված՝ հարմարեցնելով սովետական քաղաքականության գաղափարախոսությանը:  Այն, ինչ չի թարգմանվել, ըստ Կարապետյանի, համարվել է ԽՍՀՄ գաղափարախոսությունից դուրս:

Ինչ վերաբերում է «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքին, ապա այն, հրատարակչության տնօրենի խոսքով, շատ լավ թարգմանություն է, և գիրքն առաջին անգամ է հայերենով ամբողջական ներկայացվում: «Հատկանշական է, որ հայ ժողովուրդն ապրել է այն, ինչ գրված է այս գրքում. մենք անցել ենք այս ամենի միջով»,- ասաց Կարապետյանը:

Ի դեպ, առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է  1947-ին՝  պատերազմից երկու տարի անց:

Դեկտեմբերի 16-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  տեղի  կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության մեկ այլ գրքի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի շնորհանդեսը: