Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ նախագահի այն հայտարարությանը, որ ՏԻՄ կայացման ժամանակ եղել են չարաշահումներ համայնքապետերի կողմից, ինչը նրանց ներվել է, բայց 2018-ից այլևս ներում չի լինելու, ասաց, որ Սերժ Սարգսյանի` համայնքապետերի չարաշահումների մասին ելույթը սպասված ելույթ էր:
«Երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող, թալանչի համայնքապետեր։ Նրանք եղել են ու կան, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը սեփականաշնորհել իրենց պաշտոնավարման ընթացքում, թալանել են` ինչպես կարողացել են` առանց շունչ քաշելու, ու հարց է առաջանում՝ օրինակա՞ն է մարդն ամեն ինչ անում, թե՞ ոչ։ Նախագահի ելույթով պարզվեց, որ այս մարդիկ անօրինական են գործել, ու այդ մասին իմացել են»,- նշեց նա։
Ըստ Մարուքյանի` նախագահի հայտարարությունն ասում էր, որ իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացքում, բնական է, լինելու էին բացթողումներ, բայց, պատգամավորի կարծիքով, սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ` ընտրություններին ձայն ապահովողներին։ «Նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, այլ նրա` որ լավ են ընտրակաշառք բաժանում, լավ են ձայներ հավաքում։ Ներվածներն առաջին հերթին ՀՀԿ անդամներ են, և իշխանությունն ամենաբարձր մակարդակով նրանց ներել է»,- շեշտեց նա։
Պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելեց, որ եթե լիներ գլխավոր դատախազ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո կզբաղվեր այս հարցով` տեսնելու, թե որ մարզպետերն են կատարել չարաշահումներ, ու ինչ ընթացակարգով է նրանց ներում շնորհվել։
«Նախագահն ունի ներման լիազորություններ, ու ես գիտեմ դեպքեր, որ դատապարտյալները գրել ու ներվել են, բայց չեմ հիշում մի համայնքապետի այդ շարքում, ուստի այս դեպքում խոսքը նախագահի սահմանադրական իրավասության մասին չէ»,- ասաց Մարուքյանը։