Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնել այն բնակիչներին, ովքեր հիպոթեքային վարկով բնակարան գնելու ցանկություն ունեն: Այսպես` «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից կվճարվեն պետության կողմից:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ այս օրենքը ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել հանրության շրջանում, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, սա հենց այն հարցն է, որի մասին ես միայն դրականն եմ լսել»:
Սակայն հիպոթեքից չեն կարողանալու օգվել միջինից ցածր աշխատավարձ ստացող մարդիկ: Այս կապակցությամբ փոխնախարարն ասաց. «Բնականաբար, 150 կամ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողին բանկը տրամադրում է իր չափով վարկ: Ես չեմ կարող ունենալ 50 հազար դրամ աշխատավարձ, բայց բանկից վերցնել 50 միլիոն դրամ հիպոթեքային վարկ: Դրա համար էլ այն ճկուն ենք դարձրել: Եթե, օրինակ, իմ աշխատավարձը չի բավարարում, բայց իմ և կնոջս աշխատավարձը միասին բավարարում է հիպոթեքային վարկ վերցնելու համար, և եթե երկուսս էլ համարվում ենք տվյալ բնակարանի համասեփականատեր, արդեն հաշվի է առնվում երկու համասեփականատերերի համատեղ աշխատավարձից պահված եկամտահարկը: Այսինքն` եթե 150 հազար դրամ աշխատավարձից պահվել է 30 հազար դրամ եկամտահարկ, 30 կամ 50 հազար դրամ եկամտահարկ էլ պահվել է կնոջ աշխատավարձից, ստացվում է մինչև 80 հազար դրամ ամսական վճարած տոկոսը հետ ստանալու հնարավորություն»:
Մեր այն դիտարկմանը, որ նորակառույցները, ամեն դեպքում, թանկ են, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Խոսքը չի վերաբերում Երևանի փոքր կենտրոնի նորակառույցներին, պետությունն էլ ունի համապատասխան ծրագրեր` կառուցվում են նոր շենքեր, որոնք չեն դասվում էլիտ դասի շարքը, այլ էկոնոմ կլասի շենքեր են, որոնք մատչելի են»:
Հարցին, թե արդյո՞ք այդ օրենքը ձեռնտու է միայն կառուցապատողներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այն վերաբերում է նաև Հայաստանի մարզերում կառուցվող անհատական բանկելի տների շինարարությանը:
«Նպատակն այն է, որ տնտեսությունն աշխուժանա, մի կողմից` քաղաքացիների համար մատչելի լինի բնակարան ձեռք բերելը, մյուս կողմից էլ` շինարարությունը աշխուժանա, որն էլ շղթայական առումով ավելի մեծ էֆեկտ կունենա»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: