Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում մեկնարկած կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը հետաքրքրվեց` մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ի՞նչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։
«Դուք երևի ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում hնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել, և վստահ եղեք` նրանք շատ ավելի արդյունավետ են զբաղվելու գիտությամբ ու շնորհակալ կլինեն դրա համար»,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ կան համապատասխան մեխանիզմներ, որոնց շրջանակում էլ կանցկացվի զորակոչը։ «Այլընտրանքներ կառաջարկվեն, որպեսզի յուրաքանչյուրն իր գիտելիքները ճիշտ օգտագործի։ Եթե գլխում մեծ գաղափարներ ունեցող ռադիոֆիզիկոս երիտասարդին կանգնեցնենք շարքում, ասենք՝ հավսար-զգաստ, աջ-ձախ, ու երկու տարի անց նա գա, ասի՝ լավ, էլ հավես չկա գիտությամբ զբաղվելու, որովհետև մոտիվացիա չկա, գիտելիքները տուժել են, ճիշտ չի լինի»,- նշեց փոխնախարարը։
Պետրոսյանն էլ շարունակեց պնդել, որ թեև ցանցային ադմինիստրատոր լինելու և խրամատում կանգնելու միջև տարբերություն կա, բայց ադմինիստրատիվ աշխատանքից գիտությունը չի շահում։ «Իմ հարցը հետևյալն է՝ արդյ՞ոք կոնկրետ գիտությամբ զբաղվելու համար ստեղծված են պայմաններ, թե՞ ոչ։ Լավ, ծրագրավորողների համար ստեղծված են պայմաններ, բայց, օրինակ, փիլիսոփաների ու հոգեբանների համար պայմաններ չկան, նրանք զորակոչվելո՞ւ են բանակ, թե՞ ոչ»,- հարցրեց նա։
«Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Մեր նպատակը չէ տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբաղվելու, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես: Բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը, որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանապարհին մեծ արդյունքների կարող են հասնել»,- պատասխանեց Զաքարյանը, ապա հավելեց. «Մենք ձեզնից առավել մտահոգ ենք այնպես անել, որ բոլորի նկատմամբ ազնիվ վարվեն»։