կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-14 13:25
Հասարակություն

Եթե առաջնորդվենք չափորոշիչներով, մեր մանկապարտեզների 70 տոկոսը կփակվի. քննարկում՝ ԿԳՆ-ում

Եթե առաջնորդվենք չափորոշիչներով, մեր մանկապարտեզների 70 տոկոսը կփակվի. քննարկում՝ ԿԳՆ-ում

Նախադպրոցական կրթության ոլորտը երեխայի կյանքի ամենակարևոր փուլն է, քանի որ երեխան քայլ է անում դեպի առաջին կրթությունը, և ՀՀ-ն պետք է հատկապես ուշադրություն դարձնի այս ոլորտին: Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանն՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության համակարգում սպասվող փոփոխություններին:

Նշենք, որ այսօր ԿԳՆ-ն «Պարադիգմա» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր  քննարկում՝  նվիրված նախադպրոցական  կրթության  ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման եղանակներին և հարցին, թե ինչպես պետք է սահմանել դրանք օրենքի նախագծում: Քննարկմանը  մասնակցում էին ԿԳՆ   հանրակրթության վարչության,  տարածքային  կառավարման նախարարության,   Երևանի  քաղաքապետարանի,  «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի  ներկայացուցիչներ:

Սուսաննա Թադևոսյանի կարծիքով՝ նախադպրոցական կրթական հաստատությունները, համայնքային պատկանելության լինելով, ֆինանսապես բավականին խեղճ վիճակում են:

Առաջիկայում նախադպրոցական կրթության մասին օրենքում սպասվում են փոփոխություններ, և նոր օրենքը փորձ է անելու նախ կարգավորել ու ստեղծել բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի արագ զարգանա նախադպրոցական համակարգը: Մյուս կողմից` այն պետք է հասանելի, մատչելի լինի յուրաքանչյուր երեխայի համար` յուրաքանչյուր համայնքում: «Այդ իսկ պատճառով սկզբունքային է դարձել համակարգի համընդհանուր ներառականության հարցը, քանի որ եթե միջնակարգ կրթությունն անցում է կատարել համընդհանուր ներառման, ապա նախադպրոցական կրթական համակարգը չի կարող դուրս մնալ այդ գործընթացից»,-ասաց Թադևոսյանը:

Ըստ Թադևոսյանի՝ երեխայի վաղվա օրը որոշվում է այսօր, և նա սպասելու ժամանակ չունի, որպեսզի համակարգերը փոխվեն ու պատրաստ լինեն իրեն ընդունել այս կամ այն կառույցում:  «Համընդհանուր ներառականությունը շատ բարդ ու երկարատև գործընթաց է, սակայն խտրական վերաբերմունքը պետք է նախ վերանա մարդկանց գլխում: Ես նախադրյալներ տեսնում եմ, որ նախադպրոցական համակարգում էլ անցում կատարենք համընդհանուր ներառման»,- ասաց նա:

ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Սյուզի Մակյանն էլ տեղեկացրեց, որ նախադպրոցական կրթության մասին օրենքը գործում է 2005-ից և արդեն փոփոխման կարիք ունի:

«Օրինակ` ֆինանսավորման մեխանիզմները վերանայելու կարիք կա, քանի որ չկա համաչափություն և չկան միասնական մեխանիզմներ: Քանի որ նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, սա բերում է ֆինանսների անհամաչափ բաշխման: Բացի այդ՝ պետք է նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման, աշխատավարձերի բարձրացման, ուսումնանյութական բազայի, մատուցվող ծառայությունների և դրանց որակի մասին բարձրաձայնենք ու լուծումներ գտնենք: Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչ մասնակցություն կարող է ունենալ մասնավոր սեկտորը»,- ասաց Մակյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի կարծիքով էլ՝ օրենքում սահմանված են չափորոշիչներ կրթության և առողջապահության տեսանկյունից, որոնք պետք է փոփոխվեն: Ըստ նրա՝ եթե առաջնորդվեն չափորոշիչներով, մեր մանկապարտեզների 70 տոկոսը կփակվի: «Օրենքի դրույթները պետք է ավելի մոբիլ դարձնենք և պետք է գտնենք մեխանիզմներ, ըստ որոնց՝ նախադպրոցական կրթությունը կընդգրկի բոլոր երեխաներին: Համայնքի զարգացման, ընտանիքների՝ Հայաստանում մնալու հարցում մանկապարտեզների դերը շատ մեծ է. ծնողը պետք է տեսնի, որ երեխան կարող է հաճախել մանկապարտեզ»,- ասաց Գիլոյանը:

Ի դեպ, նախադպրոցական կրթության մասին օրենքի նախագիծը ներկայումս հանրային քննարկման է դրված: